Ռիսկային բիզնես, ենթադրյալ նոր սիրավեպ ու մի շարք ծրագրեր, այս ամենի մասին  BlogNews.am կայքի հետ զրույցում պատմում է երգիչ Գևորգ Մկրտչյանը, ով արդեն տևական ժամանակ է, ինչ գտնվում է ստեղծագործական դադարի մեջ: Երգիչը կիսվում է նորություններով, դերասանական կարիերայում առկա խնդիրներով, ինչպես նաև պատմում է՝ թե ինչ փուլում են իր և Իրինա Այվազյանի հարաբերությունները:

Gevorg Mkrtchyan - YouTube


Գևորգը նշում է, որ անակնկալ ունի երկրպագուների համար. «Մի քանի օր առաջ ստացել եմ մենահամերգի առաջարկ ու մինչև տարվա վերջ պետք է պատրաստվեմ: Այն անպայման կլինի: Պատրաստվում եմ նաև նոր տեսահոլովակ ներկայացնել, որը մյուս ամիս կթողարկեմ: Պասիվությունս կապված էր Ռուսաստան մեկնելուս հետ: Մի փոքր շատ ժամանակ կորցրի այդ ընթացքում, այդ գործերս հիմա եմ անում: Նորությունները շատ են լինելու, բայց առաջինը կլինի նոր տեսահոլովակը: 

Հունիսի 19-ին Գյումրիում ունենալու ենք համերգ, իսկ մինչ այդ Ռուսաստանում ունեի համերգների առաջարկներ, բայց միայն մեկին կարողացա մասնակցել, քանի որ վիզայի հետ կապված խնդիր ունեի ու արդեն պետք է վերադառնայի Հայաստան»:

Նշենք, որ «Եվրատեսիլ 2021» երգի ամենամյա մրցույթի ընթացքում Գևորգի ինստագրամյան գրեթե բոլոր հետևորդները հարցուփորձ էին անում՝ ինչու երգիչը չի ցանկանում մասնակցել մրցույթին: Խոսելով այդ մասին՝ նա ասում է.«Եվրատեսիլ գնալու միտք դեռ չկա, քանի որ դա շատ պատասխանատու քայլ  է: Եթե պետք է ներկայացնեմ Հայաստանը միջազգային հարթակում, ապա պետք է շատ լուրջ ու երկար պատրաստվեմ: Մի քանի տարուց գուցե ունենամ ցանկություն, բայց հիմա շատ շուտ է»:

Անցած տարին բավականին բարդ էր մշակութային գործիչների համար: Փորձությունները չեն շրջանցել նաև Գևորգին, ով պատմում է, թե ինչպես կարողացավ հաղթահարել խնդիրները. «Ինձ համար անցած տարին նույնպես դժվար էր, բայց կարծում եմ, որ այն ինձ վրա ավելի քիչ ազդեց, քանի որ ստացա բավականին շատ գովազդային առաջարկներ: Ճիշտ է, ինձ ավելի հաճելի է երգով գումար աշխատելը, բայց տվյալ իրավիճակում դա միակ լուծումն էր:

Ավարտել եմ ԵՊՀ-ի «Սերվիս» բաժինը ու նաև հնարավորություն ունեմ իմ մյուս մասնագիտությամբ աշխատելու, բայց երբեք չեմ մտածել այդ մասին:  Հիմա ծրագրում եմ սեփական բիզնես հիմնել. փոքրիկ ռեստորան եմ ցանկանում բացել, բայց հասկանում եմ, որ ներկա պահին ռիսկային է, այդ պատճառով մի փոքր կսպասեմ»: 

Գևորգը բավականին երկար ժամանակով հեռացել էր Հայաստանից, ինչի հետևանքով շատերը կարծում էին, որ երգիչն այլևս չի վերադառնա: Հետ գալով Հայաստան՝ Գևորգը հավատացնում է, որ մեկնել էր ՌԴ գործնական նպատակներով և արտագաղթելու մտքեր ամենևին էլ չի ունեցել:

«Արտագաղթել չեմ ցանկանա, քանի որ այլ երկրում չեն ունենա, այն ամենը, ինչ ունեմ Հայաստանում: Վերջերս ես մեկ ամիս Ռուսաստանում էի, մեկ ամիս՝ Բելառուսում, ինչից հետո հասկացա, որ ինձ համար ամենալավ տեղը Հայաստանն է»,-ասում է նա:

Հաջողություն ունենալով «Անհասցե ծնվածները» սերիալում՝ Գևորգը սկսեց իր դերասանական կարիերան, սակայն սերիալի ավարտից հետո նա մերժեց այլ նախագծերում նկարահանվելու բոլոր առաջարկները: Գևորգը բացատրում է, թե ինչու.««Անհասցե ծնվածները» սերիալից հետո շատ առաջարկներ ունեցա, բայց մերժել եմ. կարևորում եմ, որ նախագծի վարկանիշը նախորդին համապատասխան լինի: Նաև եղել են դեպքեր, որ չենք կարողացել ֆինանսական տեսանկյունից որևէ համաձայնության գալ: Ինձ թվում է մեր սերիալների միակ խնդիրը ֆինանսականն է: Լինում են դեպքեր, երբ փորձում են քիչ վարձատրել՝ պատճառաբանելով, որ իրենք քեզ ռեյտինգ են տալու: Իրականում, նախագիծը ռեյտինգ է ունենում և կայանում է հենց դերասանի շնորհիվ: Չէ՞ որ եթե դերասանը չունենա բարձր ռեյտինգ, ապա չի ստանա առաջարկ: Դա է գլխավոր պատճառը, որ մերժում եմ առաջարկները»:

Իրինա Այվազյանի ու Գևորգ Մկրտչյանի սիրավեպի լուրերը հաստատվեցին. նրանք  միասին են - Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Գևորգը չխուսափեց խոսել նաև նախկին սիրելիի՝ Իրինա Այվազյանի հետ իր հարաբերությունների մասին: Նա նշում է, որ իրենք չեն դադարել միմյանց սիրել, պարզապես փոքրիկ դադար են վերցրել: 
«Իմ ու Իրինայի հարաբերություններում փոփոխություն չկա»,-ասում է նա ու նաև ժպիտով անդրադառնում իր ու դերասանուհի Անուշկա Մարգարյանի հարաբերություններին: Նշենք, որ վերջերս Անուշկան, հրապարակելով իր ու Գևորգի լուսանկարը, կից գրառում էր կատարել.«Մարդս եկավ խոպանից»

Իմ և Անուշկայի զույգը շատ էր սիրվել». Գևորգ Մկրտչյանը՝ նոր տեսահոլովակի և  որպես հերոսուհի Անուշկա Մարգարյանին ընտրելու մասին - Լուրեր ...

Այդ հրապարակումից հետո շշուկներ էին պտտվում, որ Գևորգի ու Անուշկայի միջև սիրավեպ կա: Իր խոսքը եզրափակելով՝ Գևորգը կես կատակ, կես լուրջ մեկնաբանում է այդ շշուկները. «Անուշկան, անկախ ամեն ինչից, մնում է իմ կինը»:

 

 Նյութը՝ Տաթևեր Լազարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել