168.am-ը գրում է․

Քաղաքացիները հաճախ են ահազանգում, որ սուպերմարկետներում, ինչպես նաև փոքր խանութներում ապրանքի համար գրված է մեկ գին, բայց մինչև հասնում են դրամարկղի մոտ, պարզվում է՝ արժեքը փոխվել է: Ու երբ նկատում են գնային տարբերությունը և բարձրաձայնում են՝ ստանում են տարբեր պատճառաբանություններ: Օրինակ, որ գինը փոխվել է, դեռ չեն հասցրել պիտակը փոխել, աշխատակիցը սխալմամբ այլ գնի պիտակի մոտ է դասավորել ապրանքը, և այլն:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենք ևս նման բողոքներ ստանում են:

«Սա այն քիչ դեպքերից է, որ դու թողնում ես բիզնես-սպառող իրավահարաբերությունների կարգավորման տիրույթը, բիզնեսն անպայման ասում է, որ կներեք, մենք սխալվեցինք, թյուրիմացություն է եղել, ու անպայման շտկում են: Բայց չգիտես ինչու՝ այդ «կներեք, մենք սխալվեցինք, թյուրիմացություն է եղել»-ը միշտ ի վնաս սպառողի է լինում: Այսինքն, իրականում, եթե անգամ որոշ դեպքերում պատահականություն է, ապա հիմնականում մենք գործ ունենք որոշակի չարաշահումների հետ:

Իսկ ինչո՞ւ է բիզնեսն իրեն այսպիսի «շռայլություն» թույլ տալիս, որովհետև չկա պատշաճ պետական վերահսկողություն այս խնդրի նկատմամբ: Ու մենք, եթե ժամանակին ստանում էինք բողոքներ ու ուղղորդում էինք դեպի պետական կառույցներ ու նրանց հետ աշխատելով՝ փորձում էինք լուծել հարցը, վերջերս քաղաքացիներին ուղղորդում ենք, որպեսզի աշխատեն համապատասխան պետական լիազոր մարմնի հետ՝ ի դեմս Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի: Կարծում եմ՝ ինչ-որ պահ է գալիս, որ քաղաքացին պետք է շփվի, հասկանա ու գնահատի՝ կառույցները համապատասխան քայլեր ձեռնարկեցի՞ն, թե՞ ոչ: Պահանջատիրությունը պետք է լինի»,- մեզ հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը:

Նրա դիտարկմամբ՝ որևէ պետական կառույցի կողմից չկա ազդակ, որ այսպիսի խնդիր ունենք, պետք է ուշադիր լինենք, հակառակ պարագայում սանկցիաներ կկիրառենք:

«370 դրամանոց կոնֆետը կարող է դառնա 550 դրամ, և այլն, իսկ ինչո՞վ է սա պայմանավորված. քաղաքացին երբ նկատում ու բարձրաձայնում է՝ ներողություն են խնդրում և վերջ, իսկ եթե բիզնեսն իմանա, որ այդ վրիպակի պատճառով քաղաքացու կողմից պետական կառույցի դիմելուց հետո իրեն անբարեխիղճ մրցակցության համար կտուգանեն, մաքսիմալ ուշադիր կլինի ու նման վրիպակ թույլ չի տա: Պետությունն իր կարգավորումներով կարող է այնպես անել, որ քաղաքացուն անելիք չմնա: Լավ կլինի, որ քաղաքացին օժանդակի, օգնի պետությանը: Պետություն-հասարակություն ամուր կապ պետք է ստեղծվի: Պետական վերահսկողությունն էլ պետք է պատշաճ արվի: Որևէ պետական կառույց սրա մասով մոնիտորինգ չի արել՝ հասկանալու, թե ինչ ծավալների է մեր երկրում այս խնդիրը: Շատ պարզ գործիքակազմ կա, որը կիրառելի է: Մտնում են խանութ, պայմանական ընտրում են 30 ապրանք ու մեկ շաբաթ շարունակ նույն սուպերմարկետում այդ ապրանքների տարբեր խմբերից հավաքում, բերում են դրամարկղ և հասկանում են՝ ներկայացվող գինն ու պահանջվածը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ: Ու եթե չի համապատասխանում՝ սկսում են ճշգրտել:

Հասկանում են սրա մասսայականությունը, բարձր ռիսկի դեպքում սանկցիաներ են կիրառում, իսկ եթե ռիսկը ցածր է, օրինակ, տեխնիկական խնդիրներով է պայմանավորված կամ միտումնավոր, ըստ դրա՝ մասնագիտական վերլուծության են ենթարկում և, եթե հասկանում են, որ միտում կա՝ հանրային իրազեկում են անում, տնտեսվարողներին հորդորում են խնդիրները հրատապ լուծել, որովհետև հաջորդ անգամ սանկցիա է կիրառվելու: Կտեսնեք, թե ինչպես 70 տոկոսով կարգավորում կունենանք: Սակայն, եթե պետությունը ոչինչ չանի՝ քաղաքացուն իրավունք չունի հորդորել: Քաղաքացիները շատ դեպքում չգիտեն՝ ում դիմել: Պետությունը պետք է ասի՝ այս խնդրին բախվելիս իրականացրու այս քայլերը: Սա է ճիշտ գործողությունների շղթան»,- նշեց Բաբկեն Պիպոյանը:

ՏՄՊՊՀ-ից էլ հայտնեցին, որ քաղաքացիները նման դեպքերում կարող են զանգահարել 060 830-840 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկել նշված էլեկտրոնային փոստի հասցեով՝ [email protected]:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել