168.am-ը գրում է․

Ինչպես և ենթադրելի էր, իշխանություններն ընտրություններից առաջ սկսել են հանրությանը համոզել, որ տնտեսական հերթակական «աննախադեպ» վերականգնման ենք ականատես լինում, որ ներդրումները հորդում են, երկնիշ տնտեսական աճն էլ սարերի հետևում չէ․ Այս գործում նրանց օգնության հասավ անցյալ տարվա մարտ-ապրիլ ամիսների լոքդաունը, որի ֆոնին այս տարվա ցուցանիշները բարելավվել են։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի անհավանական լավատեսությունից հետո, երեկ տնտեսության վերականգնման և տնտեսական աճի մասին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հնչեցրած դիտարկումները չափազանց համեստկարելի է որակել։

«Մեր նախնական գնահատականներով, հիշում եք, որ մենք 2 տոկոսից 1,4 տոկոս էինք իջեցրել տարվա համար մեր գնահատականները։ Այս պահի դրությամբ մեր գնահատականներն ավելին են, քան այդ 1.4-ն էր, այսինքն՝ մենք կարծում ենք, որ տնտեսական աճն ավելի բարձր է լինելու, քան նախորդում կանխատեսված 1.4-ն էր»,- ասել էր նա՝ մանրամասնելով, որ կանխատեսումը պայմանավորված է տնտեսական ակտիվության առաջին եռամսյակի ցուցանիշով,  ծառայությունների ոլորտի դրական ազդակներով և տրանսֆերտների ավելացմամբ։

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը թեև հուսադրող է համարում ԿԲ նախագահի հնչեցրած դիտարկումները, այդուհանդերձ կարծում է, որ մարտահրավերն ու ռիսկերն այնքան շատ են, որ հնարավոր չէ հստակ սպասումներ ունենալ։

«Գոյություն ունեցող ռիսկերն այս պահին չեն հուշում մեզ մոտ իրավիճակի լավացում,- նշեց տնտեսագետը, ապա անդրադառնալով իշխանությունների կողմից պարբերաբար հնչեցվող «աննախադեպ» դրական զարգացումների մասին հայտարարություններին՝ նկատեց,- Իշխանությունների կողմից այն փուչ կամ չափազանցված ցուցանիշները ներկայացվում են, քանի որ իրենք չեն կարող իրենց իրական դեմքը ցույց տալ․ այդ դեմքն արդեն երեք տարիների ընթացքում ցույց է տրված։ Իրենց ողորմելի իրավիճակը սուտ նկարագրելու համար կարող են չհասկացողների համար ասել պարզապես թվեր, որոնք իրականության հետ առնչություն չունեն։

Բայց միևնույն ժամանակ, գոնե մտածում եմ, որ մենք ամսի 20-ից հետո կտրուկ արմատական քաղաքական փոփոխություն ունենալու արդյունքում կկարողանանք այս ճղճիմ ճգնաժամային վիճակից մեծագույն դժվարությամբ, բայց աստիճանաբար դուրս գալ»։

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանի գնահատմամբ՝ մենք դուրս ենք գալիս ճգնաժամից, սակայն տնտեսական աճը բնական պետք է համարել՝ հաշվի առնելով նախորդ տարվա ցուցանիշները:

«Հատկապես հաշվի առնելով անցյալ տարվա ցածր բազան, երբ զգալի անկում էր հատկապես ապրիլի ընթացքում, այդ արդյունքները,  իհարկե,  այժմ թվում են շատ դրական, ասեմ ավելին՝ Վրաստանում այդ աճն էլ ավելի մեծ է՝ չնայած անկումն ավելի փոքր է եղել։ Այո, մենք դուրս ենք գալիս ճգնաժամից, աշխարհը դուրս է գալիս ճգնաժամից, և մենք 1.5 տոկոսից բարձր աճ կունենանք․ դա ակնհայտ է»,- ասաց տնտեսագետը։

Նա նշեց, սակայն, որ առկա անորոշությունների պայմաններում տնտեսական դրական սպասումների, հատկապես՝ ներդրումների մասին չպետք է հուսալ։ Այս համատեքստում տնտեսագետն անդրադարձավ նաև հարցին, թե ինչո՞ւ են օտարերկրացիները բանկերից հանում իրենց գումարները (168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այս տարվա առաջին 3 ամիսներին օտարերկրացիների ունեցած ավանդային գումարները կրճատվել են շուրջ 126 մլրդ դրամով, որը համարժեք է ավելի քան 241 մլն դոլարի). «Հայաստանում ներդրումները պաշտպանված չեն, քաղաքական համակարգը կայուն չէ, և, առհասարակ,  պետության գոյության հարց է կանգնած, թե այս պայմաններում ո՞վ է արտերկրից Հայաստանում գումարներ պահելու․ ես նույնիսկ մի քիչ կզարմանամ, եթե նման մարդիկ կան։ Հավելենք նաև, որ անընդհատ վարվում է քարոզ ունևոր մարդանց դեմ․ դա էլ իր հերթին՝ բացասական ազդեցություն է ունենում այդ հարցում։ Տվյալ դեպքում, սակայն, ավելի շատ երկրի ապագայի նկատմամբ հավատի կորստով է պայմանավորված այդ մարդկանց գործողությունները»։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը մի քանի ցուցանիշներ ներկայացրեց՝ նկատելով, որ պարբերաբար հնչող հուսադրող շեշտադրումները հիմնավորված չեն․ «2021 թվականի հունվար-ապրիլ ամիսների պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տնտեսական ակտիվությունը կազմել է 3.3 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա մարտ-ապրիլ ամիսների լոքդաունով, երբ տնտեսությունը եղել է դադարի վիճակում։ Հաջորդը՝ ճիշտ է, մենք այս ամիսների ընթացքում ունենք դրսից որոշակի փոխանցումների աճ․ մարդիկ իրենց հարազատներին ավելի շատ գումարներ են ուղարկում, սակայն դա լավ օրից չէ, այսինքն՝ մեր կենսամակարդակն ավելի է վատթարացել։

Հունվար-մայիս ամիսներին արձանագրվել է 5.5 տոկոս գնաճ՝ այն դեպքում, երբ մարդկանց եկամուտները աճել են ընդամենը 3.5 տոկոսով․ այսինքն՝ անցյալ տարվա աշխատավարձով մարդիկ կարող էին ավելի շատ ապրանքներ ձեռք բերել, քան այս տարվա աշխատավարձով՝ այս գների պայմաններում։ Այս իրավիճակում մենք ունենք բնակչության էլ ավելի աղքատացում, իսկ ամենամտահոգիչ երևույթն արտագաղթն է։  Անկախ նրանից՝ ով ընտրություններում հաղթանակ կգրանցի, մարդկանց մի ստվար զանգված որոշում է կայացրել ՀՀ-ից արտագաղթելու մասին, և դրա համար նույնիսկ որոշակի ֆինանսական կամուրջներ են ստեղծում,  իրենց գումարներն են փոխանցում Հայաստանից դուրս»։

«Եթե խոսում են տնտեսական աճի, ներդրումների մասին, ապա անհասկանալի է՝ այդ դեպքում ԿԲ-ն,  որը վերջին 6-7 ամիսներին  անընդհատ դոլար էր ներարկում տնտեսության մեջ, ի՞նչ նպատակ էր հետապնդում․  եթե ՀՀ տնտեսության մեջ կային դոլարներ, դոլար էր գալիս ՀՀ տնտեսություն,  բարձր է տնտեսական ակտիվության ցուցանիշը, այդ դեպքում ինչո՞ւ էր ԿԲ-ն դոլար ներարկում դրամի կուրսը կայունացնելու համար»,- եզրափակեց տնտեսագետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել