168.am-ը գրում է․

Հայաստանի հավաքականը 9 խաղ անընդմեջ անպարտելի է, կկարողանա՞ հավաքականն անպարտելի խաղերի շարքը հասցնել 10-ի։

Շվեդիա

Շվեդիայի ազգային հավաքականը 2021 թվականին ձախողեց Ազգերի լիգան. «Կապույտ-դեղինները» մրցում էին Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Խորվաթիայի հետ: Վեց հանդիպումներում Յան Անդերսոնի սաները կարողացան վաստակել ընդամենը երեք միավոր և զբաղեցրեցին չորրորդ տեղը՝ այդպիսով դուրս գալով էլիտար դիվիզիոնի կազմից: Աշխարհի գավաթի ուղեգիր նվաճելիս շվեդները հաղթեցին Վրաստանին (1:0) և Կոսովոյին (3:0)՝ խմբում հայտնվելով երկրորդ հորիզոնականում:

Հայաստան

Հայաստանի ազգային հավաքականը, ի տարբերություն իր այսօրվա մրցակցի, Ազգերի լիգայում իրեն շատ ամուր դրսևորեց։ Խոակին Կապարոսի թիմը հաղթեց Էստոնիայի, Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականներին՝ դուրս գալով B լիգա: Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու պայքարում Հայաստանը հիանալի մեկնարկեց՝ երեք անընդմեջ հաղթանակ տանելով Լիխտենշտեյնի (1:0), Իսլանդիայի (2:0) և Ռումինիայի նկատմամբ (3:2)՝ առաջին տեղը գրավելով իր խմբում։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը նշում է, որ այս խաղում դաշտում լինելու են նոր անուններ։

«Այո, թիմը վերականգնվել է, և այս խաղին դաշտ դուրս կգան նաև այն տղաները, որոնք Խորվաթիայի դեմ չեն խաղացել: Մեր նպատակն էր, ի սկզբանե, այն էր, որ նոր ֆուտբոլիստների տեսնենք ուժեղ թիմերի դեմ խաղերում: Կան տղաներ, որոնք գտնվում էին արձակուրդում և 10-15 օր չեն մարզվել, բայց այնքան են սիրում հավաքականը, այնքան հայրենասեր են, որ եկել են և պատրաստ են դաշտ դուրս գալ, այնպես որ, մենք ցանկանում ենք բոլորին խաղալու հնարավորություն տալ»:

Ինչ վերաբերում է Վարազդատ Հարոյանին, ապա որոշումը կայացվելու է խաղից առաջ։

«Պետք է բարձր գնահատել Վարազդատի նվիրվածությունը: Իր թիմի վերջին խաղում նա վնասվածք ստացավ, սակայն միացավ թիմին և տղաների հետ ժամանեց այստեղ: Բնականաբար, այժմ նա ավելի լավ վիճակում է, քան այն օրերին, երբ միացավ թիմին: Մենք չենք շտապելու, դեռ կտեսնենք՝ արդյո՞ք նա կկարողանա դաշտ դուրս գալ, բայց, ի սկզբանե, նա դժվար թե կարողանա մասնակցել այս խաղին»։

Շվեդիայի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը։ Շվեդները վերջին երկու ընկերական խաղերում հանդիպել են Էստոնիայի և Ֆինլանդիայի ընտրանիներին: Միևնույն ժամանակ, մրցակիցներից ոչ մեկը չի հաղթել՝ «կապույտ-դեղինները» խաղում են ուժ խնայելով և փորձելով կազմը, այնպես որ, Հայաստանը, լինելով լավ մարզավիճակում, հնարավորություն ունի արդյունքի հասնել այս խաղում։

Խաղը կսպասարկեն ֆինլանդացի մրցավարները՝ Մատիաս Գեստրանիուսի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Միկո Ալակարեն և Միկա Լամպուն: Չորրորդ պաշտոնյան է Յոնի Հյուտիան։ Հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22։45-ին։

Սիրարփի Աղաբաբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել