168.am-ը գրում է.

Այս օրերին, երբ համացանցը ողողված է տոպրակների մեջ լցված անթաղ հերոսների մարմինների և մասունքների լուսանկարներով ու տեսանյութերով, մարդիկ շոկի մեջ են, տեղները չեն գտնում, իսկ Գեղարքունիքից գերի ընկածներից, ինչպես նաև ավելի վաղ գերեվարվածներից հուսադրող ոչ մի տեղեկություն չի ստացվում, գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ով հավանաբար շվարած է այն հանգամանքից, որ հայտնվել է հարազատ քաղաքական ուժի նախընտրական ցուցակի 91-րդ հորիզոնականում, ցանկանալով իր անձին կարևորություն հաղորդել, լուրեր է տարածում, թե ինքն է Գյումրու քաղաքապետ դառնալու:

Խրախճանքների սիրահար պատգամավորը, ով, ըստ Գյումրիում տարածված լուրերի, նույնիսկ պատերազմի թեժ օրերին էր դատախազներից մեկի և հորեղբոր տղայի՝ Արմեն Սարուխանյանի հետ «քյաբաբ-օղի-խորովածով» այցելում շոգեբաղնիք, հիմա էլ շտաբի անվան տակ իր օրն անցկացնում է՝ կյանքն ու երաժշտությունը վայելելով։ Երեք տարիների ընթացքում, ըստ գյումրեցիների, տարբեր մարդկանց ձերբակալությունների պատճառ դարձած, ազգ-բարեկամ-ծանոթներին ու անծանոթներին պաշտոնների դասավորած ու վարչապետի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին իր վարքագծով խայտառակած Կարեն Սարուխանյանն այժմ էլ քաղաքում լուրեր է տարածում, թե տեսեք՝ հոկտեմբերին սպասվող ընտրություններում Գյումրու քաղաքապետ եմ գալու, ուշադրություն մի դարձրեք, որ ՔՊ-ի համամասնական ցուցակի 91-րդ տեղում եմ։

Այս մասին 168.am-ին տեղեկացրեց իշխող կուսակցությանը մոտ կանգնած Գյումրիի աղբյուրը:

Այդ ընթացքում, բնականաբար, Կարեն Սարուխանյանը չի մոռանում նաև զվարճանքների մասին, իսկ դրանք փաթեթավորում է «ազգային արժեքներ» շատ կենսունակ արտահայտությամբ:

Մեզ փոխանցեցին, որ նա շատ հաճախակի է լինում Շիրազի փողոցում գտնվող «Արաքս մյուզիք հոլ»-ում, որի հարևանությամբ տեղակայված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբը։

Բանն այն է, որ «Արաքս մյուզիք հոլն» աշխատեցնում է «Ազգային արժեք ակումբ»-ի (ԱԱԱ) հիմնադիրներից մեկը՝ Վարդան Սրտաշյանը։ Այդ նույն ակումբի հետ է սերտ համագործակցում նաև Սարուխանյանի մոտ ընկերը՝ Շիրակի նախկին փոխմարզպետ, բիզնեսմեն, կահույքի սրահների ու գրավատների տեր Վարդան Գրիգորյանը, ինչպես նաև Կարեն Սարուխանյանի հորեղբոր որդին՝ Մարտուն Գրիգորյանի գրասենյակի նախկին աշխատակից, ԲՀԿ-ի համար ժամանակին ձայներ ապահոված Արմեն Սարուխանյանը։

Ցավալի է, որ պատգամավորի համար ազգային արժեքի ընկալումը քաղաքապետ դառնալու փափագն է ու կյանքի վայելքներից, թեկուզև հայրենիքի համար կրիտիկական օրերին, հետ չմնալը։

Այստեղ տեղին է հիշել, որ ժամանակին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը վերջին ՏԻՄ ընտրություններին ընդառաջ սեփական կուսակցություն էր ստեղծել՝ «Գյումրեցու ոգի» անունով, որի նպատակը, ըստ Գյումրիում տարածված լուրերի, ձայներ հավաքելն ու Բալասանյանի դաշինքին միանալն էր: Սակայն Գյումրու ավագանու ընտրություններին «Գյումրեցու ոգի»-ն դուրս մնաց: Հատկանշական է, որ այս կուսակցության ղեկավարը և վերը նշված անձանցից շատերը հիմա ԱԱԱ-ի ակտիվ անդամներ են և, ըստ Գյումրիում տարածվող լուրերի, հոկտեմբերին սպասվելիք Գյումրիու ավագանու ընտրություններին ԱԱԱ-ն նույն կցորդի դերակատարությունն է ունենալու ՔՊ-ի մոտ, ինչ «Բալասանյան դաշինք»-ի համար ժամանակին «Գյումրեցու ոգի»-ն էր:

Ի դեպ, գյումրեցիներից շատերի բնութագրմամբ, Վարդան Ղուկասյանի որդին 15 տարվա ընթացքում այդքան չխայտառակեց իր հորը, որքան երեք տարվա ընթացքում Կարեն Սարուխանյան պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել