168.am-ը գրում է.

Երեկ ուշ երեկոյան անհետ կորած զինծառայողների հարազատների հիմնած «Լույսի ճրագ» կազմակերպության ղեկավար Արսեն Ղուկասյանը երկու տեսանյութ հրապարակեց: Դրանցից մեկում նա  հայտարարում է, որ ինքն այս պահին գնում է իրենց երեխաների մահվան հանգամանքների մեջ մեղավոր Իշխան Վահանյանին կալանքից ազատած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի բնակարան՝ նրանից իր այդ որոշման համար պատասխան պահանջելու: Տեսանյութում հայտարարվում է դատավորի բնակության հասցեն, անուն-ազգանունը, կոչով այդ հասցե են հրավիրվում այլ մարդիկ:

Մյուս տեսանյութում արդեն Ա․ Ղուկասյանն իրենց աջակիցներին ու առաջին տեսանյութին արձագանքողներին կոչ է անում չգալ այդտեղ, որովհետև իր նշած հասցեում դատավորը չէ ապրում, այլ նրա ծեր մայրը, ապա հավելում է, որ միևնույն է՝ կպարզի Ալեքսանդր Ազարյանի բնակության վայրը, եթե դա էլ չիմանան, կգնան դատավորի աշխատանքի վայր:

Դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել հայ հանրության շրջանում: Թեման շատ զգայուն է, և բոլորն են այդ մասին նշում, սակայն ամենաթողությունն ու ինքնադատաստանը, բացի վատ խորհրդատուներ լինելուց, նաև պետական ինստիտուտների ու իրավապահ մարմինների բացակայության մասին կարող է վկայել:

Մեզ հետ զրույցում ինքը՝ դատավոր Ազարյանն ասել է, որ որևէ մեկի չի պատրաստվում բացատրություն տալ, ու լավ կլինի, որ իր որոշումը քննադատողները նախ կարդան այն:

168.am-ի հետ զրույցում փաստաբան Էրիկ Ալեքսանյանը թեմայի առնչությամբ ասաց, որ անձամբ չի ճանաչում կոչ անող անձին, սակայն տեղյակ է, որ վերջինս հանդիսանում է հենց այն զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը, ով իր պաշտպանյալն է եղել։

«Երբ իմացա այն մասին, որ Սարգիսը զոհվել է մարտի դաշտում, մեծ ցավ ապրեցի, դա անբացատրելի զգացողություն է, քանզի եղել եմ նրա փաստաբանը և վստահաբար կարող եմ ասել, որ վերջինս, ինչպես և մարտի դաշտում ընկած բոլոր մեր տղերքը, ոչ միայն հերոս է բոլորիս համար, այլև չափազանց պարկեշտ և ուժեղ ոգի ունեցող երիտասարդ էր։ Այսօր, բնականաբար, շատերս չենք կարող ունենալ այն զգացողությունները, որոնք ունեն զոհված զինծառայողների հարազատները, սակայն անհերքելի է այն, որ մենք բոլորս խորը հարգանք ունենք մեր զոհված եղբայրների շիրիմների հանդեպ, և այն, ինչ տեղի է ունեցել, ամբողջ հայ ազգի ցավն է»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Փաստաբանը նշում է, որ այս ամենով հանդերձ՝ չի կարող անտարբեր լինել դատավոր Ալեքսանդր Ազարյանի անձի դեմ կատարվողի վերաբերյալ։

«Այն, որ կոչ անողի և մյուս մարդկանց նման քայլը բացահայտ ապօրինություն է, կասկածից վեր է, և ես հորդորում եմ նրանց դադարեցնել իրենց նման վարքագիծը և մեղավորներին այլ տեղ փնտրել, իսկ եթե տեղը չգիտեն, ապա ես ուղիղ կասեմ՝ գնացեք Կառավարության թիվ 1 մասնաշենք և այդտեղից համապատասխան անձից պարզաբանումներ պահանջեք»,- ասաց փաստաբանը:

Իսկ ինչ վերաբերում է պարոն Ազարյանի կողմից կայացած դատական ակտին, ապա Էրիկ Ալեքսանյանը նշում է՝ առանց դրա բովանդակությանը ծանոթանալու՝ որևէ մեկն իրավունք չունի այն մեկնաբանելու,  առավել ևս՝ քննադատելու։

«Վստահ եղեք, յուրաքանչյուրը, ունենալով մեղադրյալի կարգավիճակ, կերազի ուղղակի, որպեսզի իր գործով արդարադատությունն իրականացնի հենց դատավոր Ազարյանը, քանի որ վերջինս Դատավոր է՝ բառի ուղիղ իմաստով, և դա կհաստատեն ոչ միայն փաստաբանները, այլև քննիչներն ու դատախազները։ Պարոն Ազարյանը մեղավոր չէ, որ նրա մարդ տեսակն այնպիսին է, որ նա չի առաջնորդվում հասարակական տրամադրություններով, ճաշակներով, չի տառապում պոպուլիզմով, վերջինս պարզապես իր գործն է անում և անում է այն չափազանց արհեստավարժ ձևով։ Փառք ու պատիվ մեր նահատակված զինվորներին»,- եզրափակեց Էրիկ Ալեքսանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել