168.am-ը գրում է․

Հայաստանում քաղաքականությունն ու բարոյականությունը երբեք այնքան միահյուսված չեն եղել, որքան լինելու են հունիսի 20-ի ընտրություններում։ Լայն իմաստով, դրանք քաղաքական ուժի ընտրություն լինելուց առաջ, նախ՝ բարոյականության ու անբարոյականության ընտրություններ են։

Ինչպես որ բարոյականության ու անբարոյականության խնդիր է՝ սատարել մի կուսակցության ու մի անհատի, որի խղճին ծանրացած է հազարավոր հայորդիների կյանքը։

Աջակցել Նիկոլ Փաշինյանին՝ նշանակում է՝ առնվազն անուղղակիորեն կիսել այդ զոհերի մահվան պատասխանատվությունը։ Այսինքն՝ գործող իշխանությանն աջակցությունն իրականում սատարում է մարդասպանությանը ու հայրենավաճառությանը, որքան էլ դա խիստ է հնչում ու ոչ ականջահաճո։ Ընդհանրապես քաղաքական նախընտրությունների, ընտրություններում այս կամ այն ուժին սատարելու հիմքում կարող են ընկած լինել ամենատարբեր գործոններ ու դրդապատճառներ՝ սկսած արժեքային ու սկզբունքային համընկնումներից, մինչև մերկանտիլ շահեր ու բարեկամական կապեր։

Ավելի կամ պակաս չափով՝ բոլոր այդ դրդապատճառները կարելի է գոնե հասկանալի համարել։ Բայց Հայաստանում ներկայումս ստեղծված իրավիճակում գործող իշխանությանն ու Նիկոլ Փաշինյանին աջակցությունն առաջին հերթին կոնֆլիկտ է ամենապարզ մարդկային բարոյականության ու պարկեշտության հետ, որը չի կարող արդարացվել որևէ դրդապատճառով։

Բարոյական հասարակությունում նա ոչ միայն չէր կարող մասնակցել ընտրություններին, այլև նոյեմբերի 10-ին արդեն չպետք է զբաղեցներ Հայաստանի ղեկավարի պաշտոնը։

Նիկոլ Փաշինյանի հետպատերազմյան 7-ամսյա պաշտոնավարումն ու մասնակցությունն ընտրություններին մեր հավաքական բարոյականության բացակայության, իսկ իրերն իրենց անուններով կոչելու դեպքում՝ մեր անբարոյականության ցուցիչն է։ Իսկ որևէ ձևով նրա հաղթանակն ընտրություններում նշանավորելու է բարոյականության ու բարեպաշտության ջախջախիչ պարտությունը Հայաստանում, ինչը երկարաժամկետ կտրվածքով կարող է ունենալ շատ ավելի ավերիչ հետևանքներ, քան անգամ պատերազմում կրած պարտությունը։

Բարոյականությունից զուրկ հասարակությունը վտանգավոր է առաջին հերթին՝ ինքն իր համար, ինչպես որ զարհուրելի է բարոյականություն չունեցող մարդու պարագան։ Բարոյականության բացակայությունը նշանակում է՝ հանուն նպատակի ամեն ինչի պատրաստակամություն, այն, ինչի բարձրագույն նշաձողը սահմանել է Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով մարդկային ու քաղաքական բարոյականության ռեկորդային անկում։

Անբարոյականության այդ անդունդից նա հառնելու որևէ գործնական ու տեսական շանս չունի, թեև ըստ ամենայնի չունի նաև այդպիսի ցանկություն։ Ահա, ինքը հայտնված լինելով ապաբարոյականության հատակում՝ փորձում է իր հետևից քաշել հասարակությանը, որովհետև բարոյականություն չունենալով՝ շատ ավելի հեշտ է ապրել անբարոյականների հասարակությունում ու կառավարել նրան։

Այդ առումով հունիսի 20-ը հայ հասարակության վերջին հնարավորությունն է՝ ցույց տալու, որ բարոյականության հետ հաշիվները վերջնականապես մաքրված չեն։ Հակառակ դեպքում հունիսի 20-ին մարդու ու չմարդու պայքարում հաղթելու է վերջինը՝ Հայաստանը վերջնականապես մխրճելով անբարոյականության այն ճահիճը, որը կառավարում է գերագույն գլխավոր գեհենապետ Նիկոլ Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել