168.am-ը գրում է․

Հայաստանի բանկային համակարգում, այսպես կոչված, ոչ ռեզիդենտները կամ օտարերկրացիները բավական մեծ ծավալի ավանդներ ունեն։ Բանկային ավանդների գրեթե 25 տոկոսը նրանց է պատկանում։ Խոսքն ընդհուպ 1 տրիլիոն դրամի կամ շուրջ 2 մլրդ դոլարի մասին է։

Մինչև վերջերս Հայաստանի բանկային համակարգում օտարերկրացիների ավանդներն անընդհատ ավելանում էին։ 2018թ. հետո դրանք գրեթե կրկնապատկվել են։ Սակայն այս տարի սկսել են նվազել։

Տարվա առաջին 3 ամիսներին օտարերկրացիների ունեցած ավանդային գումարները կրճատվել են շուրջ 126 մլրդ դրամով, որը համարժեք է ավելի քան 241 մլն դոլարի։

Անցած տարվա դեկտեմբերի վերջին դրանք հասել էին ընդհուպ 1 տրիլիոն 33 մլրդ դրամի։ Այս տարվա մարտին կազմել են շուրջ 908 մլրդ դրամ։

Երեք ամսում հայաստանյան բանկերում ոչ ռեզիդենտների կամ օտարերկրացիների ունեցած ավանդները կրճատվել են ավելի քան 12 տոկոսով։

Ընդ որում, կրճատվել են բացառապես տարադրամային ավանդները, ինչը հիմք է տալիս ասելու, որ խնդիրն ամենևին էլ դրամի արժեզրկման ռիսկերի հետ չի կապված։

Հանվել են գերազանցապես տարադրամային ավանդները։ Իսկ դրանք, ինչպես հայտնի է, ապահովագրված են դրամի արժեզրկման ռիսկերից։

Թե ինչո՞ւ են օտարերկրացիները որոշել տեղափոխել իրենց գումարները բանկերից, պաշտոնական մեկնաբանություն չկա։ Բայց հստակ է, որ դրա համար վերջին շրջանում քիչ պատճառներ չեն եղել։ Միայն անվտանգության ու անկայունության հետ կապված խնդիրները լի ու լի բավական են դրա համար։ Չկա վստահություն ապագայի նկատմամբ։

Ամենամտահոգիչը, թերևս, այն է, որ այդ գումարները կարող էին դուրս գալ ոչ միայն բանկային համակարգից, այլև ընդհանրապես երկրից։

Որ Հայաստանից մեծ քանակությամբ տարադրամ է դուրս գալիս, նորություն չէ։ Այս տարի էլ քիչ գումար չի գնացել։ Խոսքը բացառապես քաղաքացիների կողմից բանկային համակարգի միջոցով կատարված փոխանցումների մասին է։

Տարվա միայն առաջին եռամսյակում այս ճանապարհով դուրս է գնացել ավելի քան 276 մլն դոլար։

Չի բացառվում, որ դրա մի մասին էլ բանկերից օտարերկրացիների հանած գումարներ են։

Հիմա նրանք Հայաստանի բանկային համակարգում ավելի քիչ ավանդային գումարներ ունեն, քան ունեին նաև մեկ տարի առաջ։ Նախորդ տարվա մարտի համեմատ՝ դրանք կրճատվել են 81 մլրդ դրամով։

Սրանք մտահոգիչ ցուցանիշներ են, որոնք արձանագրվել են ֆինանսական շուկայում։ Առկա միտումները վկայում են, որ օտարերկրյա կապիտալը Հայաստանում իրեն հանգիստ կամ պաշտպանված չի զգում։

Պետք է ենթադրել, որ խնդիրը բանկային համակարգի մեջ չէ։ Չնայած առկա դժվարություններին՝ այնուհանդերձ բանկային համակարգն իրեն բավական կայուն է պահում։ Չկան իրացվելիության հետ կապված էական խնդիրներ, որոնք կարող էին անհանգստացնել օտարերկրյա կապիտալին։ Ուստի ռիսկերը պետք է փնտրել բանկային համակարգից դուրս։

Անկախ նրանից, թե գումարների դուրսբերումն ինչի հետևանք է, այն վատ ազդակ է՝ ինչպես ֆինանսական հատվածի, այնպես էլ՝ ընդհանրապես տնտեսության համար։ Կապիտալի փախուստը ցանկացած պարագայում մտահոգիչ է։ Առավել ևս, որ նման միտումներ են նկատվում ոչ միայն օտարերկրյա, այլև տեղական կապիտալի պարագայում։

Բանկային համակարգում գրեթե դադարել են ավելանալ բնակչության ավանդները։ Մեկ տարվա կտրվածքով՝ աճը կազմել է ընդամենը 0,8 տոկոս։

Վերջին տվյալներով՝ քաղաքացիները բանկերում ունեն 1 տրիլիոն 683 մլրդ դրամի խնայողություն։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 13,6 միլիարդով ավելի շատ։

Բայց այդ աճը խաբուսիկ է։ Այն ավելի շուտ հաշվարկային, քան իրական աճ է։

Անցած տարվա մարտին քաղաքացիները բանկերում ունեին 907 մլրդ դրամի տարադրամային ավանդներ։ Այս տարվա մարտին դրանք կազմել են 862 մլրդ դրամ։ Ոչինչ, որ քաղաքացիների տարադրամային ավանդները նվազել են դրամային արտահայտությամբ, դրանք շատ ավելի կտրուկ փոփոխության են ենթարկվել իրական արտահայտությամբ։

Եթե այս թվերը վերածենք դոլարի, ապա կստացվի, որ անցած տարվա մարտին մեր քաղաքացիները բանկերում ունեին 1 մլրդ 889 մլն դոլարին համարժեք տարադրամային միջոցներ։ Այս տարի ունեն 1 մլրդ 657 մլն դոլարին համարժեք միջոցներ։

Մեր քաղաքացիների տարադրամային ավանդները վերջին 1 տարվա ընթացքում իրականում նվազել են 232 մլն դոլարով։ Այլ հարց, թե ո՞ւր են տեղափոխել այդ գումարները՝ անվտանգության նպատակներով դրել են բարձի տա՞կ, թե՞ հանել են դուրս։

Բանկերում բնակչության տարադրամային ավանդների ծավալը վերջին 1 տարում կտրուկ փոփոխություն է կրել։ Դրանք ոչ միայն դադարել են ավելանալ, այլև բավական ակտիվ կրճատվել են. 1 տարվա ընթացքում՝ ավելի քան 12 տոկոսով։

Տարադրամային խնայողությունների կրճատումն արտառոց է այնքանով, որ դա կապված չէ ազգային արժույթի վարքագծի, մասնավորապես՝ արժեզրկման հետ։ Տարօրինակ է, որ դրամային խնայողություններն ավելացել են, իսկ տարադրամայինը՝ նվազել։ Փոխարենը՝ ազգային արժույթի արժեզրկման և առկա բարձր ռիսկերի պայմաններում, հակառակը պիտի լիներ։

Սա լրջորեն մտածելու տեղիք է տալիս։

Հիմքերը պետք է փնտրել ոչ միայն երկրի անվտանգության ու անկայունության հետ կապված մտահոգությունների, այլև վերջին տարիներին իշխանությունների կողմից բանկային համակարգի նկատմամբ իրականացրած անխոհեմ քաղաքականության մեջ։ Երբ քաղաքական նպատակներով անվստահություն են ստեղծում բանկային համակարգի նկատմամբ, պետք է գիտակցեն, որ դա անարձագանք չի մնա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել