168.am-ը գրում է․

«Առողջապահության նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարող այդ որակի էժան տիկնոջ խոսքերը մեկնաբանելը, կարծում եմ, ժամանակի ավելորդ կորուստ է: Երևույթը, մեր տղաների մարմինների հետ վարվեցողության մասով, առաջին հերթին միգուցե տեղավորվում է բարոյական հարթության մեջ, որովհետև այդ լուսանկարներն ու տեսանյութը մեծ աղմուկ բարձրացրեցին հենց այդ բարոյական արժեքների՝ որոշ անձանց մոտ տոտալ բացակայությունը հաշվի առնելով»,- 168.am «Ռեվյու» ծրագրի հերթական թողարկման ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, մասնագիտությամբ իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով մեր զինծառայողների մարմինների ու մասունքների նկատմամբ անարգանքի դրսևորմանն ու այդ առնչությամբ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի պարզաբանումներին:

Նրա խոսքով, սակայն, այս խնդիրն ունի նաև իրավական կողմ, և Քրեական օրենսգիրքն ակնհայտորեն նախատեսում է պատիժ դիակների անարգման համար:

«Թե ովքե՞ր են պատասխանատու, և ովքե՞ր պետք է ենթարկվեին քրեական պատասխանատվության, ցույց կտա համապատասխան փաստաթղթերի հանգամանալից ուսումնասիրությունը, բայց որ այդ անպատվաբեր քայլերը պետք է արժանանան իրավական գնահատականի, կարծում եմ, ոչ մեկի համար ո՛չ գաղտնիք է, ո՛չ էլ անսպասելի երևույթ: Տիկինը (Անահիտ Ավանեսյան.- Գ.Ս.), ի դեպ, երեկ իր հարցազրույցում ասաց՝ այո՛, իսկ ինչի՞ մեջ պիտի պահվեին այդ դիակները, որովհետև այդ պարկերը հենց դրա համար են, և այնպիսի հեշտությամբ էին խոսում այդ մասին, կարծես խոսքը հայրենիքի համար կյանքը զոհած տղաների մասին չէր»,- տարակուսեց իրավաբանը՝ հավելելով, որ սա երկրորդ դեպքն է, և առաջին դեպքն արձանագրվել էր դեռևս փետրվարին՝ Կապանի դիահերձարանում:

Ինչ վերաբերում է դատախազության՝ այս փաստի առթիվ քրեական գործ հարուցելուն, բայց ոչ դիակների անարգման հանցակազմով, Ռոբերտ Հայրապետյանն ասաց, որ դատախազության գործողությունները նույնպես, արդեն տևական ժամանակ, մասնագիտական գործունեության հետ աղերս չունեցող երևույթ է, որովհետև մեկնաբանել մի բան, որը տեղավորվում է գեղարվեստական դիֆերամբների շրջանակում, ավելի շատ գրականագետների աշխատանքն է: Այսօր գրականագետները պետք է զբաղվեն գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունների մեկնաբանմամբ, քանի որ դրանք իրավաբանության հետ աղերս չունեն:

«Այսօր և սրան նախորդող 3 տարիների ընթացքում այս իշխանության վարած քաղաքականությունը մի տեսակ քայքայիչ աղանդներին բնորոշ քաղաքականություն է: Քաղաքական աղանդ է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Պրիմիտիվ օրինակ բերեմ: Կա աղանդ, որն արգելում է զենքի գործածումը: Այստեղ բանակը թուլացնելու ակնհայտ միտում կա: Մանիպուլյացնելով հասարակության լայն շերտերին ու հնարավորինս շատ մարդ ներգրավելով իրենց աղանդի շարքերում՝ նրանք փորձում են թուլացնել հայկական բանակը: Այս իշխանությունները, քանի որ ունեն իրենց քաղաքական աղանդին պատկանող հասարակության որոշակի ներկայացուցիչներ, որոնք ուղղակի կուրորեն հավատալու են Նիկոլ Փաշինյանին, էլ չեմ ասում նրա ստեղծած ֆեյքերի լայքապետությունը, վերջիններիս մանիպուլյացնելով՝ ցանկացած սուտ տեղեկություն տարածում են նրանց շրջանում»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը:

Նա նշեց՝ ցավալի է, բայց ունենք քաղաքացիներ, ովքեր Նիկոլ Փաշինյանի քաղաքական աղանդի ուղիղ վկաներն են:

Ռոբերտ Հայրապետյանը պնդեց՝ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ, չունենալով դրա իրավունքը, մինչ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, վարչակական ռեսուրսի տոտալ կիրառմամբ մարզերում քարոզարշավ է իրականացնում՝ օգտագործելով պետական ռեսուրսը:

«Ես ուզում եմ հիասթափեցնել այդ քայլական, նիկոլփաշինյանական թիմին, ովքեր այսօր աշխատում են այդ կապիտուլյանտի վերարտադրման համար, և ասել, որ ցանկացած նման գործողություն մեր կողմից արձանագրվում է և ուղարկվում միջազգային կառույցներին՝ հետագայում հրապարակվելիք զեկույցներում ընդգրկելու համար»,- ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուն:

Ռոբերտ Հայրապետյանի խոսքով՝ ինքն ունի համոզմունք և կանխատեսում, որ հունիսի 7-ին մեկնարկելիք պաշտոնական քարոզարշավի ընթացքում և մինչև հունիսի 18-ը Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական դիվիդենտները փորձելու է օգտագործել՝ բացառապես դատական համակարգին հարվածելով:

«Ասեմ ավելին, ես վստահ եմ, որ նրա քարոզչական տեսանյութերը ևս նկարվելու են դատաիրավական համակարգի ոլորտում, որովհետև հանրությանը պետք է նոր կերակուր: Սակայն այժմ Նիկոլ Փաշինյանի մատուցած որևէ կերակուր մատչելի չէ առհասարակ, մասնավորապես՝ Սյունիքի մարզում, ուր որևէ մետր չկա, որ դու անցնես ու չտեսնես ռուս խաղաղապահներ, ադրբեջանական դրոշներ ու զինծառայողներ, որոնք որևէ ժեստիկուլյացիայով սպանելու սպառնալիք են ցույց տալիս: Էդ մարդկանց դու ի՞նչ պետք է ասես»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը:

Նա վստահ է, որ ՀՀ ցանկացած քաղաքացու, ով իրապես մտահոգված է երկրի անվտանգությամբ, օրինականության պահպանմամբ, սահմանների ամրությամբ, Նիկոլ Փաշինյանն ասելիք չունի:

«Ես վստահ եմ, որ կոչումով հայ ցանկացած հայ, երբ այդ օրը մտնի քվեախցիկ, միայնակ, ինքն իր խղճի առջև, նա ունի 2 ընտրություն՝ Հայաստանի պետականություն և ՀՀ պետականության կորուստ: Եվ ես հակված չեմ կարծել, թե մեր ազգի իմաստուն լինելու վերաբերյալ դարերով եկող պատկերացումներն իրականության հետ աղերս չունեն: Այդ պարզ պատճառով վստահ եմ, որ ընտրությունը կայացվելու է ի օգուտ ՀՀ-ի, ի օգուտ պետության և Հայաստանի պետականության, որի համար իրենց կյանքերն են զոհել հազարավոր տղաներ»,- եզրափակեց Ռոբերտ Հայրապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել