168.am-ը գրում է.

Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի ֆոնին նոր թափ է ստացել աշխարհաքաղաքական մրցակցությունը Հարավային Կովկասում ազդեցության համար: Եվ ՀՀ իշխանությունները դարձել են այդ պայքարի լավագույն գործիքը: 17 օր անց սպասվող ընտրություններից առաջ տարածաշրջանային մամուլի ուշադրության կենտրոնում Նիկոլ Փաշինյանի եվրոպական վոյաժներն են դեպի Փարիզ ու Բրյուսել, որտեղ շարունակվում են վերջինիս բարձրաստիճան հանդիպումները՝ ուղղված տարածաշրջանում արևմտյան ներգրավման վերականգնմանը: Փաշինյանի և Մակրոնի շեշտադրումները կարևոր են՝ հասկանալու համար, թե ինչպիսի տեսք է ունենալու բանակցային գործընթացն առաջիկայում:

Ըստ էության կողմերն արձանագրել են՝

  • կարևոր է Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, և համանախագահության գործունեությունը ԼՂ հարցի ու տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման, երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու գործում,
  • սահմանագծման և սահմանազատման բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն բացառապես բանակցությունների միջոցով և ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի,
  • Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հաղթահարման առաջարկն ընդունելի է Ֆրանսիայի համար,
  • ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից և վերադառնան մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքեր, ու Ֆրանսիան կփորձի օգնել երկխոսության հաստատման հարցում,
  • Հայաստանը բախվել է անվտանգության լուրջ ճգնաժամի,
  • Նոյեմբերի 9-ից հետո, եթե անգամ հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է, շատ անելիքներ կան,
  • Եվ Ֆրանսիան պատրաստ է իր օժանդակությունը բերել` ի նպաստ բնակչության,
  • կարևոր է Ֆրանսիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության անհրաժեշտության մասին, ինչպես նաև հայ ռազմագերիների վերադարձի ապահովման նպատակով ընդունված բանաձևերի կարևոր նշանակությունը:

Փաշինյանի եվրոպական շրջագայությանը զուգահեռ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այցելել է Թուրքիա, որտեղ նրա հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային համագործակցությանը և ըստ էության խոսվել 3+3 ձևաչափի մասին առավելապես թուրքական կողմի առաջարկով, ու մի շարք վերլուծաբաններ համարում են, որ հետպատերազմյան ապաշրջափակման բանակցություններ Վրաստանին ներքաշելու խնդիր է դրված, որին, բնականաբար, խոչընդոտում է Վրաստանի արևմտամետ կողմնորոշումը: Սակայն նույն այդ փորձագետներն ակնկալում են, որ Թուրքիան Վրաստանում իր ազդեցությամբ ճանապարհ կհարթի նաև ՌԴ-ի հետ համագործակցության, հետագայում՝ գուցե Աբխազական երկաթուղու վերաշահագործման համար, թեև Վրաստանն Իրանի հետ այս ռեգիոնում արևմտյան օրակարգն ու Սև ծով-Պարսից ծոց պրոյեկտն է առաջ մղում:

«168 Ժամ»-ի հետ զրույցում վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ պատերազմից հետո տարածաշրջանում էապես ավելացել, ամրապնդվել է Ռուսաստանի ազդեցությունը, ինչը, բնականաբար, մտահոգում է Վրաստանին, և հենց այդ պատճառով Վրաստանը կարևորում է Թուրքիայի ռազմական ներկայության ավելացումն Ադրբեջանում, քանի որ թուրք-վրացական հարաբերությունները լավ են, և Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, որի անդամակցությանն է ձգտում նաև Վրաստանը: «Վրաստանի համար իրավիճակը ոչ միանշանակ է, քանի որ կա Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, որոնց հետ ազատորեն կարող է լինել համագործակցություն, բայց ոչ Ռուսաստանի։ Եվ Վրաստանի համար իր անվտանգային նկատառումներից ելնելով՝ կարևոր են այն պրոյեկտները, որոնք արևմտյան են, բայց, բնականաբար, կա գործընթաց Վրաստանին ներքաշելու զուտ տարածաշրջանային օրակարգ՝ դուրս թողնելով արտատարածաշրջանային ուժերին Հարավային Կովկասից, ինչը չի բխում Վրաստանի շահերից:

Հենց այդ պատճառով Վրաստանն ավելի շահագրգռված է տարածաշրջանում նաև Արևմուտքի ներկայությամբ՝ ամենակարևորը՝ բանակցային սեղանին և ՄԽ-ի միջոցով, բայց այսօր ՄԽ-ն փաստացի չկա, և կա անձնական ակտիվություն Ֆրանսիայի նախագահի կողմից: Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպից հետո այցերը Ֆրանսիա և Բելգիա միտված են հենց այդ բալանսի ձևավորմանը՝ հետպատերազմյան գեոպոլիտիկ ստատուս-քվոյի փոփոխությանը, ինչը Վրաստանի համար դրական է: Բայց Հայաստանը հատկապես նման արդյունքով պատերազմից հետո պետք է զգույշ լինի աշխարհաքաղաքական շարժումներ անելիս, հատկապես, երբ խոսքն այնպիսի գործընթացի մասին է, որում նաև Ռուսաստանն է: Այսօր անվտանգային առումով Հայաստանը կախված է Ռուսաստանից, և դա որոշիչ հանգամանք է, ուստի քայլերը պետք է գան դրսից, իսկ Արևմուտքն այստեղ աշխատանքի հարցում բազմաթիվ խոչընդոտներ ունի, ինչը ստեղծել է այն իրավիճակը, որն ունենք»,- ասաց Գոգոլաշվիլին:

Մեզ հետ զրույցում գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ ընտրություններին ընդառաջ նման այցերը սովորաբար ունենում են նաև ներքին դրդապատճառներ: Նա չփորձեց դրանք վերլուծել՝ ներքաղաքական կյանքին լիարժեքորեն չտիրապետելու պատճառով: Սակայն վերլուծաբանն ասաց, որ, ի վերջո, արևմտյան փորձերը՝ ներգրավվել գործընթացում, կհաջողվեն: Նրա խոսքով, չհաջողվեց ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, սակայն այս նոր իրավիճակում հայ-ադրբեջանական սահմանի շուրջ արձանագրվում է, որ տարածաշրջանում կա անվտանգային խնդիր, որի հարցում Հայաստանի և Արևմուտքի մոտեցումները նույնական են:

«Այստեղ համագործակցության դաշտ կա, օրակարգ կա, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության շրջանակում, և նման այցը հնարավորություն է տալիս մանրամասն քննարկել այդ հնարավորությունները: Բնականաբար, կարծում եմ՝ եռակողմ հանձնաժողովի աշխատանքը կշարունակվի, սակայն արևմտյան օրակարգն առաջ մղելու համար ինչ-որ ձևաչափ կստեղծվի, և կարծում եմ՝ դեմարկացիայի գործընթացից և հակամարտությանը վերաբերող բանակցություններից Ֆրանսիան ու ԱՄՆ-ը անմասն չեն մնա»,- ասաց նա՝ միաժամանակ հորդորելով նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ ընտրությունները կարող են իրավիճակ փոխել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել