168.am-ը գրում է․

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակն ու ծառայողական մեքենան, այսպես ասած՝ «իրենով անելուց» հետո կարծես խիստ մտահոգ է իր կյանքին ու առողջությանը վերաբերող հարցերով: Ասում են՝ դարձել է շատ կասկածամիտ ու վախվորած:

168.am-ին տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ շենքում հսկում է անվտանգության աշխատակից, ով զինված շրջում է շենքում, ինչին ականատես է ԲԴԽ և Դատական դեպարտամենտի ողջ աշխատակազմը:

Մեզ տեղեկացրեցին, որ նշված անձը շենքում Գագիկ Ջհանգիրյանին ուղեկցում է ամենուր՝ անգամ հարկից հարկ տեղաշարժվելու ժամանակ, իսկ երբ վերջինս աշխատասենյակում է լինում, նա կանգնում է դրսում, դռան մոտ:
Մեր աղբյուրը նշեց, որ տեղյակ չեն՝ ով է այդ զինված անձը:

Հայտնի է, որ երբ Ռուբեն Վարդազարյանը դարձավ ԲԴԽ նախագահ, նա հրաժարվեց թե թիկնապահից, թե ուղեկցող մեքենայից:

Երեկ էլ hraparak.am-ի հետ զրույցում նա ասել է, որ երբեք դրա կարիքը չի զգացել, հիմա էլ չի զգում: Նրա՝ այդ որոշումից հետո՝ 2019թ., ուժը կորցրած ճանաչվեց վարչապետի այն որոշումը, որով անվտանգության աշխատակից և ուղեկցող մեքենա էր տրամադրվում ԲԴԽ նախագահին:

Այս համատեքստում Դատական դեպարտամենտին ուղղված մեր գրավոր հարցմամբ ցանկացել էինք տեղեկանալ՝ ի՞նչ հաստիք է զբաղեցնում Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ շենքում ուղեկցող և հսկող անձը, և արդյոք նա զենք կրելու իրավունք ունի՞, թե՞ ոչ:

ԲԴԽ-ից մեզ պատասխանել էին, որ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին Խորհրդի վարչական շենքում որևէ անձ չի հսկում:

«Վերջինիս՝ որպես Խորհրդի անդամի, կյանքի, առողջության, արժանապատվության, իրավունքների և ազատությունների հանցավոր և հակաիրավական այլ գործողություններից պաշտպանությունն իրականացնում են  Դատական դեպարտամենտի Դատական կարգադրիչների ծառայության համապատասխան դատական կարգադրիչները, ովքեր ծառայություն իրականացնելիս զենք չեն կրում՝ այդպիսիք դեռևս հատկացված չլինելու պատճառով»,- մասնավորապես գրված էր ԲԴԽ պատասխանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել