Pastinfo.am-ը գրում է․

Արդեն ավելի քան 4 օր է, ինչ գերության մեջ են գտնվում 6 պայմանագրային զինծառայողները, որոնք գերեվարվել էին ՀՀ տարածքից՝ Գեղարքունիքից՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան ու, չնայած նրանց անհապաղ վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստումներին, նրանք հայրենիք դեռ չեն վերադարձել։ Ավելին՝ պարզ չէ, թե ի վերջո ով է զբաղվում նրանց վերադարձնելու հարցով։

«Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ»,- մայիսի 27-ին հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Փաստինֆո»-ն այսօր փորձել է ճշտել, թե «ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումները» որ փուլում են գտնվում։

ՀՀ պաշտպանության նախարարությունից «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել են ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի վերադարձի հարցով դեռևս տեղեկություններ չկան՝ միաժամանակ նշելով, որ գերեվարված անձանց հարցով
զբաղվում է ՀՀ փոխվարչապետի գրասենյակը, ԱԳ նախարարությունը, ՀՀ ՊՆ-ն լիազորված չէ լիարժեք մեկնաբանելու գերեվարվածների մասին տեղեկությունները, քանի որ դա գերատեսչական խնդիր չէ, այլ պետական մակարդակի հարց։

«Փաստինֆո»-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել ՀՀ Փոխվարչապետ գրասենյակ՝ տեղեկանալու հարցի մանրամասների մասին։ Նշենք, որ նախկինում մեր գերիներին վերադարձնելու հարցերի վերաբերյալ մեկնաբանություններով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակը։ Ավելին՝ Տ.Ավինյանը որոշ դեպքերում անձամբ է գրառումներ կատարել նաեւ ֆեյսբուքում։

Սակայն գերեվարված 6 պայմանագրային զինծառայողների վերաբերյալ հարցադրումներին ի պատասխան ՀՀ Փոխվարչապետի մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանը հայտնեց, որ տեղեկատվությունը պետք է փորձենք ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից, քանի որ դա իրենց լիազորությունների շրջանակներում է։

ՀՀ տարածքում` առանց սահմանը հատելու ինժեներական աշխատանքներ կատարած ու գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։ Նրանց վերադարձնելու հարցերով ՊՆ-ն ուղղորդում է փոխվարչապետի գրասենյակ, իսկ վերջինս ՊՆ։

Նկատենք, որ այդ իրադարձությունների համատեքստում այլեւս չի խոսվում նաեւ մինչեւ մայիսի 27-ը գերեվարված եւ Ադրբեջանում պահվող հայորդների վերադարձի մասին։ Ավելին, մայիսի 12-ին ՀՀ մի շարք տարածքներ՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Վայքում շարունակում են օկուպացված մնալ թշնամու զինվորների կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել