Hraparak.am-ը գրում է.

Մեր տեղեկություններով՝ այսօր առավոտյան Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ վարչական տարածքում ադրբեջանցի սահմանապահների և հայ հովիվների միջև միջադեպ է գրանցվել: 

Ադրբեջանցի դիրքապահները սպառնացել են  հովիվներին հեռու տանել անասունները, այլապես իրենցով կանեն: Համագյուղացիների պատմելով՝ հովիվները զենքով են եղել և կարողացել են ինքնապաշտպանվել, ավելին՝ հակառակորդի զինվորները վախեցել են՝ տեսնելով զինված հովիվներին, նրանք զգաստացել են և դադարեցրել սպառնալիքները:

Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հետ:

«Գիտեք, նման դեպքեր հիմա գրեթե ամեն օր կարող են գրանցվել, ամեն անգամ չարժե այդ միջադեպերին անդրադառնալ: Լավ է, որ մեր հովիվների ձեռքը զենք է եղել, կարողացել են ինքնապաշտպանվել, բայց ի՞նչ եք կարծում, եթե մեր անասուններն անցնում են իրենց հսկողության տակ եղած տարածքում, ինչ է՝ թշնամին հանգիստ ասելու է «եկեք, տարեք»»,-ասաց համայնքի ղեկավարը՝ վստահեցնելով, որ այս պահին նոր միջադեպեր չեն գրանցվել, գյուղում  կայուն հանգիստ վիճակ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել