News.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, ընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ խոստովանել է, որ թմրանյութեր է օգտագործել Վաշինգտոնի նախկին քաղաքապետ Մերիոն Բերիի հետ, գրել է բրիտանական Daily Mail-ը՝ հղում անելով իրեն հասած հեռախոսազրույցի ձայնագրությանը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գիտե՞ս, ես Մերիոն Բերիի հետ կրեկ եմ ծխել», - լրատվականի հրապարակած աուդիոձայնագրության մեջ ասում է անհայտ անձը, որի ձայնը նման է Հանթեր Բայդենի ձայնին: Նա շարունակել է, որ թմրանյութ օգտագործելիս՝ հաճախելիս է եղել Ջորջթաունի համալսարան: «Կարծում եմ ՝ երկրորդ կուրսում էի», - ասել է տղամարդը: 

Լրատվականը պնդում է, որ 2019 թվականի աուդիոձայնագրությունը ստացվել է Բայդեն կրտսերի նոութբուքից: Հրապարակման մեջ նշվում է նաեւ, որ զրույցից ստացված տեղեկատվությունը հակասում է 51-ամյա Բայդեն կրտսերի խոսքերին այն մասին, որ դեռ պատանեկան տարիքում կոկաին պահելու համար ձերբակալությունը իրեն հետ է պահել դրանք օգտագործելուց, մինչեւ չի ավարտել ուսումնական հաստատությունը: Այս մասին ԱՄՆ նախագահի որդին գրել է այս տարվա ապրիլին լույս տեսած իր գրքում:  

Մերիոն Բերին (1936-2014) առաջին անգամ Վաշինգտոնի քաղաքապետ է ընտրվել 1978 թվականին, որից հետո վերընտրվել է երեք անգամ եւ նույնիսկ ստացել «ցմահ քաղաքապետ» մականունը: Բերիի հեղինակությունը տուժել է թմրանյութերի պատճառով. 1990 թվականին դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման թմրանյութ պահելու համար: 

Ավելի վաղ Daily Mail-ը բացառիկ նյութ է հրապարակել. համակարգչային փորձագետները հաստատել են Հանթեր Բայդենի նամակների եւ լուսանկարների իսկությունը, ինչը կարող է վկայել թմրանյութերի վաճառքի եւ կազմակերպված մարմնավաճառության ոլորտում հանցավոր գործողությանը նրա մասնակցության մասին: Ինքը՝ Բայդեն կրտսերը, իր «Beautiful Things» հուշագրության մեջ խոսել է թմրանյութերի հետ կապված իր խնդիրների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել