Չեմ կարողանում հասկանալ, թե ի՞նչ են ուզում հանրությանը համոզել, երբ ՊՆ-ի, ԳՇ-ի, դեռ չեմ խոսում՝ տարբեր քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք, պնդում են, թե ՀՀ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների թիվը չի անցնում 1000-ը:
Երբ սրա մասին քաղաքացիական դեմքեր են խոսում, մտածում եմ՝ թեմայից անտեղյակ մարդիկ են, «վերևից» մի բան ասել են, իսկ իրենք էլ կրկնում են, բայց որ դրա մասին զինվորականներն են խոսում՝ փորձելով ցույց տալ, որ ամեն ինչ վերահսկվում է, այդքան էլ շատ չեն մեր տարածքում գտնվող ադրբեջանցիները, արդեն մտահոգություն է առաջացնում:
Իսկ ի՞նչ տարբերություն, սահմանի տարբեր հատվածներում՝ մի քանի հարյուր մետրից մի քանի կմ առաջ եկած ուժերի թիվը 800 է, թե՞ 1000:
Արդյո՞ք ձեր վերլուծություններում հաշվի է առնված այն հանգամանքը, որ առաջնագծի մյուս հատվածում՝ այս պահին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառում, Քաշաթաղում, օրինակ՝ հրետանի, հրթիռային համակարգեր, ԱԹՍ-ներ, հատուկ նշանակության ջոկատներ են տեղակայվել:
Ընդ որում՝ դրանց տեղակայումը, որքան ես եմ հասկանում, սկսվել է ադրբեջանական ներխուժումից հաշված ժամեր հետո:
Հասկանալի է չէ՞, որ այս պահին ՀՀ սահմանների ներսում գտնվող ադրբեջանական ուժերն իրենց թիկունքում ունեն ռեզերվային ուժեր, այդ թվում՝ հրթիռա-հրետանային ստորաբաժանումներ, ԱԹՍ-ներ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ և այլն:
Առաջնագծի այսպիսի խիտ ռազմականացման պարագայում ի՞նչ կարևոր է, թե ադրբեջանական զորքերը ինչ խորության վրա որքան են: Եթե այս պահին իրենց վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի կամ Քաշաթաղի հյուսիսային հատվածում Ադրբեջանը կուտակած զորք ունի, բուն ՀՀ տարածքում գտնվող 600, 800 կամ 1000 զինծառայող ունենալու հանգամանքը, իրադրությունում որևէ լուրջ տարբերություն չի մտցնում:
Սրանք հանրությանն ամեն գնով փորձում են խճճել երկրորդական, երրորդական թեմաներում, իսկ իրենց բուն գործառույթների չկատարումը, դրանով պայմանավորված՝ աճող անվտանգային նոր սպառնալիքները, իրադրության հետագա ծանրացումը բարդել միջազգային հանրության վրա, առաջին հերթին ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի վրա:
Իշխանությունը երկիրը նոր ողբերգության տանելու ճանապարհին է, իսկ պատասխանատվության և մեղավորության հարցը հենց սկզբից դրվում է դաշնակիցների, հարևանների, այս հարցով շատ թե քիչ ներգրավվածություն ունեցող բոլոր սուբյեկտների վրա՝ ի դեպ, ամենաքիչը Թուրքիայի և Ադրբեջանի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել