Hraparak.am-ը գրում է.

Իմքայլականներին «կառավարման կենտրոնից» շարադրության նոր թեմա են տվել: Այս անգամ թեման ընտրություններին չմասնակցելն է, ոչ թե որևէ բառով, ասենք` վիժեցնել բառով ընդդիմության հասցեին քննադատական գրառումներ կատարելը:

«Իմ քայլի» ներկայիս պատգամավորները հերթով նույնաբովանդակ տեքստեր են տարածում, թե չեն մասնակցելու առաջիկա արտահերթ ընտրություններին և ընդգրկված չեն լինելու ՔՊ ցուցակում: Արդեն նմանատիպ գրառում կատարել են Արտակ Մանուկյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը: Նրանք երկուսն էլ իրենց տեքստի վերջում նույն բառերով խնդրել են իրենց այս որոշման մեջ քաղաքական ենթատեքստ չփնտրել: Տեքստերից ակնհայտ է, որ «վերևներից» իրենց ասվել է հենց այս տեքստով ավետել հանրությանը իրենց` ՔՊ ցուցակում չընդգրկվելու մասին, և իմքայլականները հերթով նույն տեքստը` չնչին փոփոխություններով,տարածում են:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նույնպիսի հայտարարությամբ էր հանդես եկել նաև Սասուն Միքայելյանը․

«Ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու, ժողովրդի կողմից նոր իշխանություն ձեւավորելու ընդունելի ճանապարհը համարել եմ արտահերթ ընտրությունները, որին հնարավորինս նպաստել եմ այս ամիսների ընթացքում։

Լինելով արցախյան հաղթական ազատամարտի զինվոր եւ հրամանատար, ԵԿՄ վարչության նախագահ անընդունելի եմ համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, ինչը հարիր չէ իմ ու իմ կողմից ղեկավարվող կառույցի անցած ճանապարհին ու առաքելությանը։

Նման եւ այլ հանգամանքներից ելնելով որոշել եմ չառադրվել որպես թեկնածու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, մնալով հավատարիմ իմ ժողովրդին, երկրապահին ու իմ կոչմանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել