Pastinfo.am-ը գրում է.

Ինչ է հակադրում Հայաստանը Ալիևի և Էրդողանի մտադրություններին՝ ոչինչ։ «Պատիվ ունեմ» դաշինքի կազմակերպած «ՀՀ և Արցախի անվտանգության միջավայրը հետպատերազմական ժամանակաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Վերջինս փաստեց՝ պահն իսկապես օրհասական է.

Վտանգ է սպառնում ոչ միայն Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին, այլև պետության գոյությանն ընդհանրապես։ Իշխանությունները փորձում են իրավական ուժ տալ այն կորուստներին, որոնք ունեցել ենք նախորդ մեկ տարում։ Հակառակորդը զգացել է տարածաշրջանում իր ծրագրերն ու երկարաժամկետ քաղաքական, տնտեսական շահերին համահունչ ուղղելու հնարավորությունը և գնում է այդ ուղղով, իսկ Հայաստանը դրա դեմ ոչինչ չի անում։

«Փոքրիկ, բառիս բուն իմաստով կարճաժամկետ ու երկրին ոչ մի բան չտվող, բացառապես Փաշինյանի նեղ անձնական շահերին ծառայող դիվիդենտների փոխարեն մեր պետությունը թշնամուն է հանձնում վաղը սեփական ճակատագիրը տնօրինելու վերջին հնարավորությունները։ Դա վերաբերում է ոչ միայն Արցախի և Հայաստանի ֆիզիկական անվտանգությանը, այլև տնտեսությանը, հոգևոր,քաղաքական, սոցիալական և այլ ոլորտներին»։

Վանեցյանը նշեց՝ բոլորը հասկանում են, որ Փաշինյանը շուտով չի լինելու երկրի ղեկին , շուտով կհեռացվի և երկրի վրա ծառացած բեռը կմնա ժողովրդի ուսերին, ուստի հավաքվել են խորհելու մի շարք հարցերի շուրջ. Օրինակ՝ ի՞նչ են անելու և ինչպե՞ս է լուծվելու ՀՀ և Արցախի անվտանգային խնդիրները։ Հավաքը երկու մասով կանցնի՝ բաց և փակ քննարկումներով՝ կհասկանան խնդիրները ու կփորձեն անցնել դրանց հաղթահարելու ուղիներին։

«Ուզում եմ փաստել՝ անցած պատերազմը և դրան հետևած զարգացումները ամբողջությամբ փոխել են մեր անվտանգային միջավայրը, և թե այն խնդիրների ու ծրագրերի բովանդակությունը, որոնք կոչված էին լուծել երկու պետություններում առկա խնդիրները։ Փոխվել է նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, ուստի կարծում եմ, որ մենք պետք է սկսենք մտածել ոչ թե նախկինում ունեցած անվտանգային համակարգերը վերականգնելու, այլ լիովին նորերը ստեղծելու ուղղությամբ»,- եզրափակոց Վանեցյանը։

Քննարկմանը մասնակցում են անվտանգային եւ պաշտպանության ոլորտի մասնագետներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել