«Հարևան պետությունների, ինչպես հարևան քաղաքացիների հարաբերությունները կարող են բարիդրացիական լինել, բայց կարող են նաև ինչ-որ պահից խաթարվել։ Եվ ինչպես շարքային քաղաքացիների, այնպես էլ պետությունների դեպքում շատ կարևոր է, որ դու չսադրես կոնֆլիկտ, բայց նաև խեղճություն չդրսևորես։ Չխախտես հարևանիդ իրավունքները, բայց նաև թույլ չտաս, որ նա խախտի քոնը։ Եթե հարևանների միջև կոնֆլիկտ է ծագել, ցանկալի է, որ կողմերն իրենք հարթեն այն՝ փոխզիջումների գնալով և միմյանց շահերի հետ հաշվի նստելով։ Եվ մյուս հարևանների, ընկերների, ապա և դատական ատյանների օգնությանը դիմեն ծայրահեղ դեպքում, երբ սպառված են խաղաղ հանգուցալուծման բոլոր ուղիները։

Անշուշտ, կարևոր է նաև, որ կարողանաս ներել ու հաշտվել, բայց եթե դիմացինդ ներելու և հաշտվելու պատրաստակամություն չի դրսևորում, քո ներելն ու հաշտվելը քոռ գրոշ չարժեն, եթե չասենք, որ միայն կարող են վնաս բերել քեզ։ Ասենք, եթե դու բարեկամաբար ես տրամադրված և պատրաստ ես մոռանալ եղածը, իսկ հարևանդ դանակը ձեռքին ներխուժում է քո տուն, դու էլ պետք է առնվազն դագանակը ձեռքդ առնես, թեև «Մակարովն» ու «Կալաշնիկովը» գուցե ավելի ճիշտ տարբերակ են։ Եթե տուն ես մտնում ու տեսնում ես, որ հարևանդ ծեծում է երեխայիդ ու կնոջդ, չես կարող նրան խնդրել կամ կոչ անել, որ դադարեցնի բռնությունը, առնվազն պետք է դու էլ բռնություն կիրառես նրա նկատմամբ։ Կամ՝ եթե տեսնում ես, որ հարևանդ մի քանի մետր առաջ է եկել քո հողամասում և արդեն ցանկապատում է տարածքը, չես կարող լուռ հետևել, թե ինչպես է զավթում քո պապենական հողը՝ քարով ու փայտով պետք է վռնդես նրան քո հողից։

Մեր պետության ղեկավարներն այս տարրական բաները չեն հասկանում, և մեր հարևանն օրեցօր ավելի է լկտիանում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել