168.am-ը գրում է․

Պետական բյուջեի ծախսերի եռամսյակային պլանը կրկին թերակատարվել է։ Նախատեսված էր կատարել 467 մլրդ դրամի ծախս, կատարվել է 404,9 միլիարդը։ Ավելի քան 62 միլիարդ դրամի ծախս չի կատարվել։

Բյուջեի առաջին եռամսյակի ծախսերը թերակատարվել են 13,3 տոկոսով։

Ծախսերի թերակատարումը, եթե կապված լիներ եկամուտների հետ, ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ։ Սակայն թերակատարումը եկամուտների հետ կապված չէ։

Ինչպես հայտնի է, դեռ տարեսկզբին կառավարությունը հերթական եվրոպարտատոմսերը տեղաբաշխեց և ներգրավեց 750 մլն դոլարի նոր պարտք՝ բյուջեի ֆինանսական ճեղքը փակելու նպատակով։ Այդ գումարները կան և նստած են կառավարության գանձապետական հաշվին։ Դրանց և բյուջեի մյուս եկամուտների հաշվին նախատեսված ծրագրերն իրականացնելու փոխարեն՝ կառավարությունը գումարներն ավանդ է դրել բանկերում։

«Հաշվետու ժամանակահատվածում բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների օգտագործումից ստացվել են ավելի քան 4,7 մլրդ դրամ մուտքեր, որոնք 78,8 տոկոսով գերազանցել են եռամսյակային ծրագրային ցուցանիշը, և 18,1 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ծրագրված ցուցանիշի գերազանցումը պայմանավորված է 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական բյուջեի եկամուտների գերակատարմամբ և ծախսերի եռամսյակային ծրագրային ցուցանիշի համեմատաբար ցածր կատարողականով, որի պայմաններում առաջացել են լրացուցիչ ժամանակավոր ազատ դրամական միջոցներ, որոնք ներդրվել են՝ ապահովելով լրացուցիչ տոկոսային եկամուտներ»,- արձանագրել է Ֆինանսների նախարարությունը՝ առաջին եռամսյակի բյուջեի կատարման հաշվետվության մեջ։

Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության միջև տարվա առաջին 3 ամիսներին կնքվել է 63 ավանդային պայմանագիր` 666 մլրդ դրամ ընդհանուր գումարով։ Նախորդ տարի կնքվել էր 33 նման պայմանագիր` 245 մլրդ դրամ ընդհանուր գումարով։

Ավանդադրված գումարների չափն այս տարի ավելացել է 421 մլրդ դրամով։

Կառավարությունը գումարի խնդիր չի ունեցել, բայց ծախսերը թերակատարել է։

Ինչպես միշտ, թերակատարվել են կապիտալ ծախսերը։ Այս դեպքում թերակատարումն անցնում է 23,3 տոկոսից։ Ավելի քան 64,6 մլրդ դրամի կապիտալ ծախսեր պիտի կատարվեին, կատարվել են 49,6 միլիարդի կամ 15 միլիարդով պակաս։

Շատ ավելի վատ վիճակ է վարկային միջոցներով իրականացվող ծախսային ծրագրերի կատարման առումով։ Վարկերը վերցրել են, որպեսզի ինչ-որ ծրագրեր իրականացնեն, բայց չեն կարողացել իրականացրել։

Արտաքին միջոցների հաշվին առաջին եռամսյակի համար նախատեսված կապիտալ ծախսերը թերակատարվել են շուրջ 57 տոկոսով։

Նույնիսկ իրենց պլանավորածի կեսը չեն կարողացել կատարել։  Արտաքին աջակցությամբ պետք է իրականացնեին 18,5 մլրդ դրամի ծրագրեր, իրականացրել են ընդամենը 8 միլիարդինը։

Ծախսերի թերակատարումը կառավարության վատ և անկազմակերպ աշխատանքի հետևանք է։ Բայց սա առաջին դեպքը չէ, երբ բախվում ենք նման խնդրի հետ։

Երեք տարում այդպես էլ չսովորեցին աշխատանքներն այնպես կազմակերպել, որպեսզի կարողանան ժամանակին իրականացնել նախատեսված ծրագրերը։ Երեք տարում չեղավ մեկ դեպք, որ թերացողները պատասխանատվության ենթարկվեն՝ չիրականացված կամ կիսատ իրականացված ծրագրերի համար։

Թե դրա հետևանքով ինչքան վնաս են պատճառել պետությանն ու տնտեսությանը, բնականաբար, կառավարությունը կամ կառավարության ղեկավարը չեն ասելու։ Պետք է օդից վերցրած «աննախադեպ» աճեր ու սարքած ռեկորդներ լինեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը բերանի ծամոն սարքի։

Թերությունների մասին գերադասում են չխոսել, կարծես դրանով խնդիրները լուծվեցին։ Զարմանալի չէ, որ դրանք փոխանցվում են տարեցտարի։

Յուրաքանչյուր դրամի չկատարված կապիտալ ծախս ի վնաս տնտեսության է։ Դրանք այն ծախսերն են, որոնք ոչ միայն ակտիվություն են հաղորդում տնտեսությանը, այլև հիմքեր են ստեղծում երկարաժամկետ կայունության համար։ Երբ այդ ծախսերը չեն կատարվում կամ հետաձգվում են, հետաձգվում են նաև դրանց արդյունքում ակնկալվող օգուտները։ Արդյունքում՝ տնտեսությունն ավելի շատ է տուժում, քան կարող էր տուժել։ Բայց սա դաս չի լինում կառավարության համար։

Ի տարբերություն բյուջեի ծախսերի, այդ թվում՝ կապիտալ ծախսերի թերակատարման, եկամուտներն առաջին հայացքից՝ գերակատարվել են։ Գերակատարումը կազմել է 5,8 տոկոս։ Սակայն գերակատարված պլանն անհամեմատ ավելի քիչ է եղել, քան անցած տարվա եկամուտներն էին։ Անցած տարվա առաջին եռամսյակում բյուջեի մուտքերը կազմել էին 370 մլրդ դրամ, այս տարի կազմել են 349 միլիարդ։ Պակաս է ստացվել 21 մլրդ դրամ։

Նախորդ տարվա համեմատ՝ առաջին եռամսյակում բյուջեի եկամուտները կրճատվել են 5,7 տոկոսով։

Էական չէ, որ նախատեսված պլանը գերակատարվել է։ Էականն այն է, որ այս տարի պետական բյուջեն 21 մլրդ դրամով պակաս մուտք է ունեցել, քան անցած տարի։ Պատճառն արձանագրել է Ֆինանսների նախարարությունը՝ «2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 5,7 տոկոսով կամ 21 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների նվազմամբ։

2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ հարկային եկամուտներն ու պետական տուրքերը նվազել են 4,6 տոկոսով կամ 16,1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է շահութահարկի, ակցիզային հարկի, ավելացված արժեքի հարկի, ինչպես նաև պետական տուրքերի գծով մուտքերի նվազմամբ»:

Կառավարությունն ամեն ինչ արել է՝ եկամուտների գերակատարում ցույց տալու համար։ Ու այդ ակնկալիքով՝ հնարավորինս նվազեցրել է առաջին եռամսյակի պլանը։

Բայց միևնույն է, չի կարողացել թաքցնել բյուջեի եկամուտների իրական պատկերը. առաջին եռամսյակում դրանք 21 մլրդ դրամով ավելի քիչ են եղել, քան անցած տարի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել