168.am-ը գրում է․

Բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում թշնամու առաջ գալը կարող է ազդել նաև Արցախում ընդհանուր իրավիճակի վրա։ Ըստ նրանց, հայ-ադրբեջանական սահմանին թշնամու սադրանքները նպատակ ունեն նաև հանրության ուշադրությունը շեղելու Արցախի խնդրից։

168.am-ը այս հարցի շուրջ զրուցեց Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի հետ։

Նրա խոսքով՝ Արցախում ապրող յուրաքանչյուր մարդու մտահոգում են այն զարգացումները, որոնք տեղի են ունենում Սյունիքում ու Գեղարքունիքում։

«Արցախի և Հայաստանի Հանրապետությունների ժողովուրդը, բնակիչները կարող են առաջ շարժվել միասնական, մեկ համակարգ ունենալու դեպքում, այսինքն՝ անվտանգության մեկ ռեժիմ ունենալու պարագայում։ Հասկանալի է նաև, որ այս քայլերն ինչ-որ մի տեղ ավելի են վատթարացնում իրավիճակն Արցախում, որովհետև Սյունիքի նկատմամբ այդ ոտնձգությունները, այսպես ասած՝ Հայաստանին ավելի է հեռացնում Արցախից։  Ի վերջո, սա այն հատվածն է, որն Արցախին կապում է Հայաստանի հետ։  Արցախի և Սյունիքի միջև մշտապես եղել են տարբեր կապեր, և պատահական չէ, որ Արցախն անվանում են փոքր Սյունիք, այս երկու ժողովուրդները պատմականորեն կապված են։ Հետևաբար, բնական է, որ այսօր Արցախում մտահոգված են Հայաստանում ստեղծված իրավիճակով, և յուրաքանչյուր հայի անվտանգությունը մեզ համար դառնում է կարևոր հանգամանք, մենք կարող ենք միայն ընդհանրության մեջ առաջ շարժվել և ապահովել մեր բոլոր հարցերի լուծումները»,- նշեց Վահրամ Բալայանը։

Ըստ նրա՝ սպասելի էր, որ Արցախի մեծ մասը կորցնելուց հետո Սյունիքում նման իրավիճակ կստեղծվեր։ ՀՀ անվտանգության ռեժիմի պահպանման տեսանկյունից Արցախը և Սյունիքն անչափ կարևոր են։

«Մենթե Մելքոնյանի հայտնի խոսքերը պատահական չեն ասվել. «Եթե մենք կորցնենք Արցախը՝ ապա կփակենք հայոց պատմության վերջին էջը»։ Ընդհանուր առմամբ, ՀՀ ամեն մի քաղաքացի, նկատի ունեմ Երևանում, Գյումրիում, Արարատում ապրողներին, որոնց թվում է, թե թշնամին իրենցից շատ հեռու է, այդպես չէ։ Տեսեք՝ ինչ եղավ, երբ կորցրեցինք Արցախի մեծ մասը, սահմանը եկավ-հասավ Սյունիքին, Գեղարքունիքին, հետևաբար՝ այն մեր հայրենակիցները, որոնք մտածում էին, որ իրենց զավակներն Արցախում չծառայելով կամ Արցախից հեռու լինելով՝ ապահով կլինեն, այդպես չէ։ Վտանգն ավելի է մոտենում և ավելի ծանր իրավիճակ է ստեղծվում, ամեն մի սանտիմետր, հայրենիքի մի հատվածը զիջելով, պետք է լավ գիտակցեն, որ իրենց անվտանգության ընդհանուր համակարգից մեկ բան տալիս են։ Այնպես որ՝ համընդհանուր այս գիտակցումով պետք է մոտենանք հարցերին, որպեսզի կարողանանք սթափ գնահատել այն մարտահրավերները, որոնք կան ու առաջիկայում ևս կլինեն, դրանից հետո միայն կարող ենք մտածել մեր ապագայի մասին»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել