Pastinfo.am-ը գրում է.

Բանակցությունների երեկվա փուլը բավական արդյունավետ է ավարտվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ չի ցանկանում դետալային ներկայացնել, թե արդյունավետությունն ինչում է կայանում։

«Ամեն դեպքում երեկվա բանակցություններն արդյունավետ են ավարտվել։ Կարծում եմ՝ ՊՆ-ն շուտով տեղեկատվություն կտրամադրի այդ մասին։ Դետալները չպարզաբանելով՝ կոչ եմ անում բոլոր ներկա և նախկին պաշտոնյաներին, զինվորականներին իրենց հայտնի տեղեկությունները չհրապարակել, եթե անգամ վստահ են, որ դրանք ճիշտ են։ Այս պահի դրությամբ չի կարելի այս բանակցային պրոցեսի մեջ տեղեկություններ տարածել, որոնք կարող են 180 աստիճանով փոխել ամեն ինչի ելքը։ Հորդորում եմ ձեռնպահ մնալ տեղեկատվություն տրամադրելուց, հատկապես որ դրանց մի մասը կեղծ է»,-նշեց պատգամավորը։

Վերջինս նշեց, որ բանակցությունները շարունակվելու են, դեռևս խնդիր կա, և այդ խնդիրների լուծման ուղղությունը պատգամավորի խոսքով բանակցությունների մեջ է։

Հարցին՝ ինչու՞ գերատեսչությունները տեղեկություններ չեն հաղորդում, Արմեն Խաչատրյանը համաձայնեց, որ տեղեկատվությունը պետք է տրվի հնարավորինս հրատապ և ժամանակի ընթացքում. «Կարծում եմ՝ եթե երեկ երեկոյան ավարտվել են բանակցությունները, ապա այսօր հաստատ գերատեսչությունն ինչ-որ հաղորդագրություն կթողնի մեր հայրենակիցների համար։ Նույնիսկ եթե դրական բան էլ կա, հնարավոր է՝ այդ դրականն էլ չլուսաբանվի հասկանալի պատճառներով»,-ասաց Արմեն Խաչատրյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել