168.am-ը գրում է․

Խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը կրկին սկսել է աջ ու ձախ խոստումներ շռայլել։

Ուսուցիչների աշխատավարձերն ապառիկով բարձրացնելուց հետո, հիմա էլ անցել է գիտնականներին։ Խոստանում է հաջորդ տարվանից ավելացնել գիտության ֆինանսավորումն ու սկսել ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացումը։

Մարզիկների ու մարզիչների անվանական թոշակների հետ կապված խնդիրներն է լուծում, կրկին ապառիկով՝ կարծես նոր են իմացել այդ մասին։ Պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ է հատկացնում համայնքային ճանապարհների ասֆալտապատման, դպրոցների ու մանկապարտեզների կառուցման, տարբեր սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։

Ընտրություններին ընդառաջ՝ սա ոչ այլ ինչ է, քան ընտրողներին կաշառելու բացահայտ փորձ։

Այդպիսի փորձեր առաջիկայում, ըստ ամենայնի, դեռ շատ կտեսնենք։ Չի բացառվում, որ շուտով կենսաթոշակներն ու նպաստներն էլ բարձրացնելու խոստումներ հնչեն։

Կենսաթոշակներն ու նպաստները բարձրացնելու շուրջ խոսակցություններն արդեն վաղուց շրջանառության մեջ են։ Դրանք, իհարկե, պաշտոնական հավաստում դեռ չեն ստանում, բայց Նիկոլ Փաշինյանից հեռու չէ այդպիսի քայլ անելը։

Խնդիրը նրանում չէ, որ ուսուցիչների ու գիտնականների աշխատավարձերը, մարզիկների ու մարզիչների անվանական պատվովճարները, կենսաթոշակառուների կենսաթոշակներն ու սոցիալապես անապահով ընտանիքների նպաստները բարձրացնելու անհրաժեշտություն չկա։ Խնդիրն ընտրություններից առաջ այդ մասին հայտարարելու մեջ է։

Առավել ևս, երբ այս տարվա բյուջեում նման միջոցներ նախատեսված չեն ու չկան։ Դրանք ապագայի խոստումներ են, որոնք, հարց է՝ կլինե՞ն, թե՞ չեն լինի։

Առանց այդ էլ վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ ընկնելով պոպուլիզմի հետևից, այնքան է ծանրաբեռնել բյուջեն, որ եղած եկամուտները խիստ անբավարար են ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարելու համար։ Հիմա էլ նոր պարտավորություններ են ստանձնում՝ խոստումների տեսքով, երբ բյուջեի դեֆիցիտն արդեն հասցրել է չափից դուրս ուռել։ Դրսից պարտք են վերցնում՝ սոցիալական ծախսերը ֆինանսավորելու համար։ Եթե այդ գումարներն ուղղվեին կապիտալ ծախսերի իրականացմանը, դեռ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ։ Սակայն այն, ինչ արվում է, ոչ մի արդարացում չունի։

Անթույլատրելի է պարտք վերցնել սպառման նպատակով։ Հետագայում դա լուրջ խնդիր է դառնալու պետության համար՝ այդ պարտքերը սպասարկելու ժամանակ։

Սպառման նպատակով վերցված գումարները հավելյալ արդյունք չեն ստեղծում, դրանք ըստ էության դառնում են անաշխատ միջոցներ և ծանրանում են պետության վրա։

Պետության ֆինանսական բեռը վերջին տարիներին չափազանց ծանրացել է, բայց դա չի խանգարում, որ քաղաքական նպատակներով, ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը բյուջեի հաշվին նոր խոստումներ տա։ Կարևոր չէ, հետագայում կկատարի՞ դրանք, թե՞ չէ։ Նախկինի փորձը հուշում է, որ նա խոստանալու ու խոստումները չկատարելու մեծ վարպետ է։

Այսօրվա իրավիճակը դրա փայլուն արտահայտությունն է։ Պատավորվում էր Հայաստանը վերածել դրախտի՝ իր հետևից միայն ավերակներ, մահեր ու կորուստներ է թողել։

Ժողովրդին ծառայելու եկած իշխանությունը՝ ժողովրդի մասին շատ շուտ մոռացավ։ Խոստացած սոցիալական ու տնտեսական բարեփոխումներն այդպես էլ տեղի չունեցան։ Իշխանությունների հայտարարած հեղափոխական նախաձեռնությունները մնացին ճանապարհի կեսին։

Խոստանում էին աննախադեպ տնտեսական աճեր ու զարգացումներ ապահովել, բայց հասարակությունն այդպես էլ չտեսավ դրանց արդյունքները։ Ամենուրեք քաոսային վիճակ է, ու մարդկանց կյանքում դրական ոչինչ չկա։ Հայտարարվող աճերը միայն թղթի վրա են կամ իշխանության էլիտայի գրպանում։

Երբ դեռ Նիկոլ Փաշինյանը նոր էր սկսել իր քայլարշավը՝ ճանապարհին փակում էր «Սաշիկի կամերաները»։ Մինչ այդ էլ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում էր, թե պետք է հրաժարվել մարդկանց թալանող այդ արատավոր համակարգից։ Իշխանափոխությունից հետո կամերաները ոչ միայն չհանվեցին, այլև ավելացան։ Պարզվեց նաև, որ դրանք երբեք էլ Սաշիկինը չեն եղել։

Վաղուց արդեն իշխանությունը մոռացել է տեսանկարահանող սարքերը հանելու խոստման մասին։

Կարմիր գծերի վերացման մասին՝ նույնպես։ Այսօրվա իշխանության ներկայացուցիչները, ովքեր նախկինում պայքարում էին կարմիր գծերի դեմ, հիմա դժգոհում են, թե դրանք հանելու դեպքում ինչո՞վ պիտի մանկապարտեզ կամ դպրոց կառուցեն։

Հավանաբար շատերն են հիշում, թե ժամանակին Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում հանրային ծառայությունների սակագների վերաբերյալ. սպառողները շատ են վճարում, որովհետև համակարգը կոռումպացված է, սակագները չհիմնավորված բարձր են, իշխանությունները թալանում են ժողովրդին։ Երբ գան իշխանության, կվերացնեն թալանն ու գողությունը, կիջեցնեն սակագները։ Թե ինչ եղավ հետո, հայտնի է. հանրային ծառայությունների սակագները ոչ միայն չնվազեցին, այլևս՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի խոստումների, բարձրացան ու շարունակելու են բարձրանալ։

Խոստանում էին, որ այնպիսի մրցակցային դաշտ կստեղծեն Հայաստանում, որ ապրանքների գներն էապես կնվազեն։ Եթե հավատանք Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում վաղուց մենաշնորհներ չկան, շուկաներն ազատ են բոլորի համար, մարդիկ կարող են ցանկացած ապրանք գնել և վաճառել։ Թվում էր, թե դա պիտի բերեր գների նվազեցման, որովհետև մենաշնորհների պայմաններում արհեստական բարձր գներ էին հաստատվել։

Բայց վարչապետի հայտարարած անմենաշնորհ միջավայրում գներն այդպես էլ չնվազեցին։ Ավելին, այսօր սպառողները չեն հասցնում գների բարձրացման հետևից։

Խոստանում էին երկրում բարեփոխումներ անել, թալանը վերականգնել, օպտիմալացնել պետական կառավարման համակարգը, մարդկանց կյանքը բարելավել, աշխատանքի պայմաններ ապահովել, սոցիալական խնդիրները լուծել, աղքատությունը վերացնել։ Բայց կյանքը ցույց տվեց, որ դրանք դատարկ խոստումներ էին՝ իշխանության գալուց առաջ մարդկանց գայթակղելու համար։

Այսօր էլ փորձում են նույն կերպ պահել իշխանությունը։ Ոչինչ, որ 3 տարում երկիրը կանգնեցրել են կործանման եզրին ու մարդկանց կյանքը վերածել դժոխքի։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել