Armenpress.am-ը գրում է.

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը, որը ներառում է նաև Լոռու մարզի Դեբետ համայնքում տեղակայված «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնը, Հայաստանի մարզերի զարգացման ծրագրերի շրջանակում իրականացնում է Դեբետ համայնքի վերափոխման և ժամանակակից գյուղի վերածման «ՍՄԱՐԹ Դեբետ» ծրագիրը։ Նախագծի շրջանակում նախատեսվում մարզի համար նոր, ժամանակակից բովանդակությամբ և ձևով դպրոցի կառուցում՝ մոտ 1.2 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումային փաթեթով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Ըստ աղբյուրի՝ նախագծի նախնական հայեցակարգը քննարկելու նպատակով մայիսի 13-ին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանին և գյուղական ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանին ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը ներկայացրել է դպրոցի կառուցման հայեցակարգը՝ ծրագրի իրականացման հարցում ակնկալելով պետության գործընկերային (ոչ ֆինանսական) համագործակցությունը և աջակցությունը: Նա նշել է, որ հիմնադրամը 2020-2025 թթ.-ի համար Դեբետ համայնքում իրականացնում է ներդրումային մեծ ծրագիր՝ ենթակառուցվածքների, բիզնեսի և կարողությունների զարգացման համատեքստում: Ծրագրում ներառված է նաև դպրոցի կառուցումը՝ նախատեսված 150 աշակերտի համար:

«Բացի հիանալի շենքային պայմաններից, դպրոցն ունենալու է նաև ժամանակակից բովանդակություն և վերապատրաստված ուսուցիչներ՝ հանդիսանալով պետական լավագույն դպրոցի մոդել: 12 տարվա մեջ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը հիմնականում Արմավիրի մարզում վերանորոգել է 12 դպրոց, սակայն այս անգամ ցանկանում ենք կառուցել նորը»,- ասել է Կորյուն Խաչատուրյանը: Նա նաև տեղեկացրել է, որ 10 տարվա ընթացքում հիմնադրամը ՀՀ 5 մարզերի 35 գյուղական համայնքների շուրջ 1300 երեխաների համար իրականացրել է անգլերենի անվճար դասեր՝ ոչ ֆորմալ կրթության ձևաչափով: Նա առաջարկել է քննարկել այդ դասերը վերոնշյալ համայնքներում ֆորմալ կրթության դաշտ բերելու և հանրակրթության ծրագրերում ներառելու հնարավորությունը:

ԿԳՄՍ նախարարությունից նաև հայտնում են, որ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ողջունել է դպրոցի կառուցման և, առհասարակ, կրթության ոլորտում ներդրումներ անելու գաղափարը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության համար հատկապես մարզային ուղղություններով կրթության որակի բարձրացումն ու ժամանակակից պահանջներին բովանդակության համապատասխանեցումն ունի ռազմավարական նշանակություն: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ կառավարությունը դպրոցաշինությունը ռազմավարական խնդիր է համարում և միայն վերջին երկու նիստերում պետական բյուջեի միջոցներով 20 մոդուլային դպրոց կառուցելու նախագծեր է հաստատել:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ անդրադառնալով անգլերենի ուսուցման հարցին՝ Վահրամ Դումանյանը նշել է, որ կառավարությունը, կարևորելով կրթության ոլորտում հարևան պետությունների հետ սերտ համագործակցությունը, քննարկում է ամառային ճամբարներ կազմակերպելու հնարավորությունը, օրինակ՝ հայ-վրացական և հայ-իրանական: Այդ համատեքստում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն առաջարկել է անգլերենին զուգահեռ հաշվի առնել նաև վերոնշյալ լեզուների ուսումնասիրության խնդիրը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության այլ հարցեր:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել