Armenpress.am-ը գրում է.

Կառավարությունը հավանություն տվեց «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագծի մշակումը պայմանավորված է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։

Ըստ նախագծերի հիմնավորման, ներկայումս, կաթնամթերք արտադրողների կողմից թթվասերի, պանրի կամ այլ արտադրանքի մեջ պարունակվող բնական կաթի և կաթնային յուղի (կաթնային ճարպի) տոկոսային հարաբերություններով պայմանավորված առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կաթնամթերք ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղ (կաթնային ճարպ) պարունակող կաթնային արտադրանքը սպառողական դարակաշարով (հատվածով) և «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» ընթեռնելի և տեղադրված տեսանելի վայրում հատուկ տեսակի նշումով տարբերանշելու պահանջ օրենսդրորեն սահմանված չէ։

«Համապատասխան իրավական կարգավորումների բացակայությունը անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում բնական կաթի և կաթնային յուղի (կաթնային ճարպի) պարունակությամբ կաթնամթերք արտադրող տնտեսվարող սուբյեկտների միջև, ինչպես նաև խոչընդոտներ է առաջացնում վերոնշյալ ապրանքատեսակները սպառողի համար ավելի մատչելի ձևով ներկայացնելու և տարբերակելու համար։ Օրենսդրական փաթեթը կնպաստի տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար մրցակցային հավասար պայմաններ ապահովելուն, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությանը»,- ասված է հիմնավորման մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել