Երեկ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն սադրիչ գործողություն է իրականացրել ու հատել ՀՀ պետական սահմանը Սև լճի հատվածում, ուզում եմ ասել, որ երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա ու իրադրությունը շարունակում է մնալ նույնը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ ու այնտեղ նաև մեր զինվորների ներկայություն կա մեծ թվով, բայց ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, փոխհրաձգություն ու բախում չկա»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիներն իրենց հետ ունեն կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս: «Բայց էլի եմ ասում, որ այդ քարտեզները կեղծված են»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքել են մարտական գործողությունների, վիրավորների առկայության մասին ապատեղեկատվությունը: «Մենք այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք, քանի որ գործ ունենք ճգնաժամի հետ: Մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը մնա և լինի անձեռնմխելի, և Ադրբեջանի Զինված ուժերը հետ քաշվեն ելման դիրքեր»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ տեղում ընթանում է աշխատանք, այսօր Կառավարության նիստից հետո Անվտանգության խորհրդի նիստ կլինի և կկայացվեն անհրաժեշտ որոշումներ: Նա կարևորեց, որ այս հարցերում լինեն շրջահայաց, վճռական սկզբունքային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել