Pastinfo.am-ը գրում է.

Սյունիքում, Վայոց ձորում, Վարդենիսում, Տավուշում անվտանգ չի, առհասարակ, Հայաստանի Հանարպետությունն այլևս չունի անվտանգ որևէ տարածք, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով Սյունիքի սահմանամերձ դարձած գյուղերում անվտանգության խնդիրներին, Իլհամ Ալիևի այն պնդումներին, թե Զանգեզուրի միջանցք այնուամենայնիվ լինելու է.

«Եթե մենք խաբում ենք, օրինակ, շիրակցուն, ով բավականին հեռու է Սյունիքի մարզից, ապա սյունեցուն չես կարող խաբել և ասել՝ «դու անվտանգ ես»: Ճիշտ կլինի, որ գոնե ուղղակի լռեն և գործ անեն, ոչ թե կեղծ ինֆորմացիա տարածեն: Այո, փաստում եմ, որ սյունեցու անվտանգությունն ապահովված չէ, և այդ առումով գրեթե ոչ մի գործողություն էլ արված չէ և չգիտեմ էլ՝ պլանավորվում է, թե ոչ», - նշեց պատգամավորը:

Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի հարցին՝ մանավանդ երբդրա կարևորության մասին խոսել է ՌԴ ԱԳ Նախարարը՝ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպմանը, նշեց, որ ակնկալիքներ միշտ կան, այլ հարց է՝ կլինի գերիների վերադարձ, թե ոչ:

Պատգամավորը հիշեցրեց, որ երեկ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ կարևորվել է նաև ականապատ տարածքների քարտեզների տրամադրման հարցը, ինչը արդեն երկար ժամանակ Ադրբեջանն ուզում է ձեռք բերել, բայց փոխադարձ ոչինչ չանել:

«Փաստացի, Ադրբեջանական կողմն ամեն անգամ խախտում է պայմանավորվածությունները, անգամ երբ օրինակ, պայմանավորվում են 30 ռազմագերի պետք է վերադարձվի, վերջում 3 կամ 5 անձ է վերադառնում: Այսինքն մեծ հույսեր չպետք է կապենք այդ բանակցությունների արդյունքի հետ, և պետք է շատ խիստ մոտենանք, որ ոչ թե քարտեզները տրամադրենք, հետո ստանանք ռազմագերիներին, այլ մինչեւ ռազմագերիների ամբողջ խմբաքանակը չվերադառնա, որեւէ փաստաթուղթ չպետք է տրվի իրենց»,- հայտարարեց Սոֆյա Հովսեփյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել