Tert.am-ը գրում է.

Զանգեզուրի միջանցքի հարցն անցյալ հարյուր տարիների ընթացքում Ադրբեջան պետության կարևորագույն խնդիրներից է եղել: Անգամ խորհրդային շրջանում Ադրբեջանի ղեկավարները, այդ թվում՝ Իլհամ Ալիևի հայրը, փորձել են Խորհրդային Հայաստանի Մեղրիի շրջանով ստանալ այդ միջանցքը, բայց ամեն անգամ իրենց նպատակներն ի կատար չեն ածվել, Խորհրդային Հայաստանի գրեթե բոլոր ղեկավարները կարողացել են կասեցնել Ադրբեջանի այդ ցանկությունները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի հնարավոր բացման մասին քննարկումներին:

- Պարո՛ն, Մելքոնյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է Զանգեզուրի միջանցքի բացման մասին և շեշտել՝ այն կլինի իրենց  պատմական հաջողություններից մեկը: Ալիևն առաջին անգամ չէ, որ խոսում է այդ մասին: Կարծում եք՝ հայկական կողմի հետ նման պայմանավորվածություն կամ քննարկումներ կա՞ն, որոնք այժմ չեն հանրայնացվում:

- Զանգեզուրի միջանցքի հարցն ոչ թե նոր ծնված գաղափար է, այլ իրենց պետականության գաղափարներից է, և ոչ միայն ադրբեջանական, այլ՝ թուրք-ադրբեջանական, քանի որ հայտնի է՝ այդ կերպ Նախիջևանով կապ է հաստատվելու Թուրքիայի հետ և ձևավորվելու է թյուրքական երակ, որը Թուրքիայից հասնելու է մինչև կենտրոնասիական երկրներ: Վստահ եմ, որ թուրք- ադրբեջանական ագրեսիան շարունակելու է իր հնարավոր ճնշումները, քանի որ Հայաստանն ունի զրոյական դիմադրողականություն: Հայկական կողմի հայտարարությունները շատ լղոզված են, երբեմն ասում են, որ չկա նման խնդիր, երբեմն՝ այլ հայտարություններ անում, ամենակարևոր խնդիրն այն է, որ իշխանությունների խոսքը գիտակից հատվածի համար վստահություն չի ներշնչում, որովհետև այս իշխանութունների համար սուտն ու կեղծիքը դարձել են հոմանիշներ: Այս իշխանություններից պետք չէ ակնկալել ադեկվատ պատասխան, նրանք կարող են շատ խրոխտ և սարսափեցնող հայացքով խոսել հայ գեներալների, Շուշին ազատագրողների, Հայաստանի նախկին նախագահների մասին, իսկ Ալիևի և Թուրքիայի հետ կապված խնդիրներն իրենց այդքան էլ չեն հետաքրքրում:

- Ի դեպ՝ Ալիևը նշել է, որ այդ ուղղությամբ ռուսական կողմի հետ քննարկումներ են ընթանում:

- Սա նույնպես անթաքույց ակնարկ է առ այն, որ Հայաստանը չունի սուբյեկտայնություն, կորցրել է իր ինքնիշխանության բոլոր ռեսուրսները, և Ադրբեջանը հարկ չի համարում այդ բանակցություններն իրականացնել Հայաստանի հետ: Սա Ադրբեջանի կողմից Հայաստան պետությանը հասցված հերթական կոպիտ վիրավորանքն է, ընդ որում՝ դիվանագիտական ամենածանր լեզվով: Ալիևի վերջին  հայտարարությունը Ադրբեջանին հատուկ սպառնալիքի, կեղծիքի, նաև Թուրքիայի կողմից ուղղորդված մեծ քաղաքականության մասն է կազմում: Մենք տեսնում  ենք, որ իր հայտարարություններն ավելի կարծր ու կոշտ են դառնում. հայտարարության մեջ կար Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ վիրավորանք՝ «Արևմտյան և Արևելյան Զանգեզուրներ», և բազմաթիվ այլ տարրեր: Կարծում եմ՝ սա այն կարևոր խաղն է, որը նաև հետաքրքիր է Թուրքիային: Թուրքիային այնքան հետաքրքիր չէ Աղդամը, Ֆիզուլին, որքան հետաքրքիր է այս միջանցքը, և պետք է հասկանալ, որ այս ամենի թիկունքում Թուրքիան է, իսկ Ալիևը փորձում է նաև հերթական սիմվոլիկ հաղթանակը տանել: Այսօրվա ելույթի ակնարկը հետևյալն է՝ այն ինչ չի հաջողվել իր հորը, Ադրբեջանի նախկին ղեկավարներին, նա փորձելու է անել: Հայտարարության ձևակերպումն այս կերպ էր՝ մենք կտոնենք հերթական պատմական հաղթանակը, որը այդ ճանապարհի նկատմամբ իրենց հարյուրամյա նկրտումներն են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել