Այսօր Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցները լրագրողներին պատմել են, որ թաղապետի տեղակալը վիճաբանություն է ունեցել աշխատակիցներից մեկի հետ և ծեծել է նրան: Այս պահին Tert.am-ը Կենտրոնի թաղապետարանի դիմաց է, սակայն թաղապետ Ավետ Պողոսյանի հրահանգով՝ լրագրողները ներս չեն կարող մտնել:

Տեղի ունեցածի մասին Tert.am-ը փորձեց տեղեկություն ճշտել Ավետ Պողոսյանից, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր:

Tert.am-ը ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից տեղեկացավ՝ Ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս պահին ոստիկանության ծառայողները դեպքի վայրում են՝ միջադեպի հանգամանքերը պարզելու:

Այս պահին լրագրողները թաղապետարանի ներսում են, սակայն որևէ մեկը պարզաբանում չի տալիս, թե ինչ է տեղի ունեցել:

Աշխատակիցներից մեկը լրագրողներին փոխանցեց, որ միջադեպի ժամանակ կողքի սենյակում է եղել, հրմշտոցի ձայներ է լսել, կահույք է կոտրվել, շտապ օգնության մեքենա է եկել:

Տեղակալ Արմեն Ազիզյանն այս պահին այդտեղ չէ, աշխատակիցները պնդեցին, որ մոտ մեկ ժամ առաջ դուրս է եկել և տեղեկություն չունեն, թե երբ է վերադառնալու:

Տեղի ունեցած միջադեպի սենյակում այս պահին քննարկումներ են ընթանում, որտեղ սակայն  թույլ չի տրվում, որպեսզի լրագրողներն էլ մտնեն:

Միջադեպը տեղի էր ունեցել թաղապետի տեղակալ Արմեն Ազիզյանի և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանի միջև: Ոստիկանները ուսումնասիրությունից հետո դուրս եկան և փակեցին այն սենյակը, որտեղ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Որևէ մեկը պաշտոնական տեղեկություն չհայտնեց:

Մանրամասները ՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել