ArmLur.am-ը գրում է.

Ապրիլի 28-ին Ազգային ժողովի կողմից ընդունված  Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն արդեն ուժի մեջ է մտել:

Իշխանությունները նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու համար ավելի խիստ պատասխանատվություն են սահմանել։ Օրինակ՝ տեղամասային կենտրոնում կամ դրան հարակից տարածքում բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը, ինչպես նաև նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելը կամ խոչընդոտելը, կպատժվեն մինչև երեք տարի ազատազրկմամբ, ընտրակաշառք տալը կամ խոստանալն արդեն ծանր հանցագործություն է համարվում, որն էլ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով։

Տեղամասում բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը, կամ, օրինակ, հանրահավաքի մասնակցելու համար դրամական խրախուսումը, այսինքն՝ փող տալը որպեսզի մարդիկ հանրահավաքի մասնակցեն, կամ, օրինակ, պատգամավորի թեկնածուի կողմից երկքաղաքացիություն ունենալու փաստը թաքցնելը, կամ քարոզարշավի խոչընդոտելը, այս արարքները նոր են քրեականացվել։ Բոլոր այն ընտրություններին, որոնք կլինեն այսուհետ, այդ հոդվածները գործելու են։ Ընդ որում հանրահավաքների վերաբերյալ հոդվածը ոչ միայն ընտրությունների ժամանակ է գործելու, այլ առհասարակ՝ ցանկացած հանրահավաքի ժամանակ։ Հանրահավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելը կամ պարտադրելը, որպեսզի մարդիկ մասնակցեն հանրահավաքի այլևս քրեական հանցագործություն է:

Այս փոփոխությունները կգործեն արդեն նաև հունիսին նախատեսվող արտահերթ ընտրություններին:

Մայիսի 7-ին էլ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Փոփոխությունների մեծ մասը, սակայն, ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվանից և չեն կիրառվի առաջիկա արտահերթ ընտրություններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել