Tert.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի պնդումը թե այս իշխանության ձեռքբերումն է, որ դատարանները չեն հանդիսանում նախաքննական մարմինների կցորդները կեղծ է և մանիպուլյատիվ. Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ ընդգծելով, որ այս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի աշխատասենյակներում որոշված արդարադատություն իրականացվի, և դատարանները լինեն այդ որոշումները դակողները, սակայն դատական համակարգի կորիզը ցույց տվեց, թե ինչ է դատարանը:

«Հիշենք Փաշինյանի ելույթը, որ քննիչները գործերը տանում են դատարան, և դատարանները ջուրն են գցում այդ գործը, հենց այդպես էլ պետք է լինի, եթե գործը ջուր է, ապա դատարաններում արդարադատություն իրականացնելուց այդ ջուրը պետք է ի հայտ գա: Այս իշխանությունը շատ ուրախ կլիներ, որ արդարադատություն իրականացնողները լինեին իրենք՝ քննիչների և դատախազների մակարդակով, որովհետև իրենք կարողանում են սեփական կամքը ավելի հեշտությամբ քննիչներին և դատախազներին պարտադրել, բայց չեն կարողանում ամբողջ ծավալով կամքը պարտադրել դատավորներին»,-ասաց նա:

Միհրան Պողոսյանը նշեց, որ Բարձրագույն դատական խորհրդի կազմը փոխելու համար իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի իր ցանկացած անձին նշանակի ԲԴԽ նախագահ․ «Դեռ այդ ժամանակ ես նշում էի, որ որոշ ժամանակ անց մենք տեսնելու ենք, թե ինչ քրեական գործեր կհարուցվեն Ռուբեն Վարդազարյանի դեմ, որպեսզի իրենց ցանկալի անձը դառնա ԲԴԽ նախագահ»:

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարություններին, որ իրենց նպատակներից մեկն էր, որ դատական համակարգում ինքնամաքրման պրոցես տեղի ունենա, օրինակ բերելով այն հանգամանքը, որ Ռուբեն Վարդազարյանը գործով մեղադրյալ է, և այդ գործի հարուցումը հենց դատական համակարգն է նախաձեռնել, Միհրան Պողոսյանն ընդգծեց, որ այդ գործընթացը ինքնամաքրման շղարշով է պատվում, քանի որ մամուլի տեղեկություններով Ռուբեն Վարդազարյանի դեմ նախկին դատավոր է հաղորդումը ներկայացրել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել