Վիեննայում Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ ընթացքող բանակցություններում Իրանի պատվիրակության գլխավոր բանակցող, Իրանի արտգործնախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին ասել է, որ անհրաժեշտության դեպքում Իրանը կերկարաձգի ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը, հայտնում է Tehran Times թերթը։

Արաղչին, ճապոնական NHK հեուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ Իրանը հույս ունի, որ բանակցությունների ընթացքում զգալի առաջաընթաց կգրանցվի և Ատոմային էներգիային միջազգային գործակալության դիտորդական առաքելությունը երկարաձգելու կարիք չի լինի, սակայն եթե կարիք էլ լինի Իրանը պատրաստ է երկարաձգել այն։ Փոխարտգործնախարարն այսպիսով հղում է կատարել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ կնքված համաձայնագրին, որով վերջինիս թույլատրվել էր շարունակել դիտորդական առաքելությունն Իրանի միջուկային ծրագրի շրջանակում։

Համաձայնագիրը ստորագրվել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Մարիանո Գրոսիի Իրան կատարած երկօրյա այցի ընթացքում, որի ընթացքում գործակալության ղեկավարը հանդիպել էր Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել