Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքով՝ դատական համակարգը կախված չէ գործող քաղաքական իշխանությունից, սակայն կախվածության մեջ է որոշակի շրջանակներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա նման տեսակետ հայտնեց ԱԺ հատուկ նիստում, որում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը: 

Ըստ նրա՝ բանական ու արդարադատությունն այն առաջնահերթություններն են, որոնք պետությունը պետք է ապահովի քաղաքացիների անվտանգության և բարեկեցության համար:

Դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Բաբաջանյանն ասաց. «Եթե հանցագործներն ազատության մեջ են, դա դեռ չի նշանակում, որ դատարաններն անկախ են: Ճիշտ հակառակը՝ գործ ունենք շատ որոշակի շրջանակների հետ կախվածության մեջ գտնվող դատական համակարգի հետ: Եթե հանցագործներն ազատության մեջ են, կնշանակի՝ պատասխանատվության ինստիտուտը ոչնչացված է, արդարադատություն, որպես այդպիսին, չի իրականացվում, դատական իշխանությունն էլ հեղինակազրկված է»:

Ըստ պատգամավորի՝ դատական իշխանությունը ոչ միայն իշխանությունից, քաղաքական սուբյեկտներից կախված չէ, այլ գերկախված է «մաֆիական և օլիգարխիկ հանցագործ շրջանակներից»:

Ավելի վաղ իր ելույթում Փաշինյանը նշել էր, որ իրենց իշխանությունը արդարադատության ոլորտում իրականացրել է հեղափոխական փոփոխություններ, այսօր ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պատմական նվազագույն թիվն է կալանավորված և դատապարտված անձանց: Նա շեշտել էր, որ այսօր դատարաններն այլևս նախաքննության մարմինների կցորդը չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել