Pastinfo.am-ը գրում է․

1992 թ. մայիսի 8-ին սկսվեց և մայիսի 9-ին փայլուն կերպով ավարտվեց Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը: 28 տարի անց Շուշին նորից անցավ թշնամու վերահսկողության տակ: Վաղը Շուշիի ազատագրման 29-ամյակն է՝ առանց Շուշիի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում «Արծիվ 30» մահապարտների գնդի փոխհրամանատար Եփրեմ Մարգարյանը նշեց, որ սա պատմության մի մասնիկն էր ու մարտական ընկերների հետ հույսը չեն կորցնում, որ մի գեղեցիկ օր Շուշին կրկին հայկական կլինի։

«Պարտվողի հոգեբանությամբ ապրողները թող իրենց մեջից հանեն երբևիցե հաղթելու ակնկալիքը։ Պատմությունը շատ է ապացուցել, որ մենք ունեցել ենք և կորուստներ և ձեռքբերումներ, իսկ սա էլ պատմության մի մասն էր, որ համատարած տխմարության պատճառով մենք կորցրեցինք մեր պատմական արժեքը՝ այն, ինչ ձեռք էինք բերել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ու արյունով պահել մինչև այսօր։ Երբևիցե իմ ու իմ զինակից ընկերների մեջ չի մեռնի գաղափարը, որ գոնե մեկ օր նորից կպարենք Շուշիում»,- ասել է նա։

Համեմատելով 92-ի մայիսին ծավալված օպերացիան և 2020-ի նոյեմբերի մարտական գործողությունները՝ Մարգարյանը նշեց, որ առաջին դեպքում ազգային զարթոնք էր, երկրորդի դեպքում՝ պարտություն, որը դիմադրության չարժանացավ։
«Ուժեղ է այն ազգը, որն ունի ամուր ընտանիք, ուժեղ է այն ազգը, որն ունի ամուր զինված ուժեր։ Երբ Շուշին ազատագրվեց, հիշենք՝ ինչ զարթոնք էր ազգի մեջ։ Ազգային զարթոնք էր։ Այս պարտությունը, որ կրեցինք, փոխանակ ազգային դիմադրություն առաջացներ կորցրածը հետ բերելու համար, համատարած արդարացում է ինչ- որ մեկի գործողություններին։ Այն ժամանակ մենք հաղթանակը կերտեցինք միասնության շնորհիվ, իրար հարգելու շնորհիվ, իսկ այս պարտությունը կրեցինք պառակտման արդյունքում։ Այս պառակտումը մեզ տվեց պարտություն։ Մենք հնձեցինք այն, ինչ ցանել էինք»։

Մարգարյանը նշեց, որ 30 տարի շարունակ և մինչև օրս բանակի ռեսուրսները թալանվել են, ամուր զինված ուժեր չենք ունեցել, բաց մենք այս պատերազմով տեսանք իրականությունը։

«Տեսանք նաև թուրքի համբերությունը, որ անկախ նրանից, որ մենք «կիլդիմ մուլտիկներ» էինք հնարում, ձեռք էինք առնում, ինքնավստահ էինք, բայց նա լուռ ու համբերատար զինվեց և քաղեցինք արդյունքը։ Ի՞նչն էր խանգարում մեզ, որ մենք էլ նույնը անեինք»,- նշել է նա։

Պատերազմի ավարտից հետո էլ ՀՀ-ն ունի անվտանգային հարցեր ՝ նոր սահմաններ, որոնք հստակ գծված չեն։ Եփրեմը զինակիցների հետ մարտական հերթապահություն է իրականացնում Սյունիքում ու երբ ադրբեջանցիները քաշքշել էին արավուսցի հովվին՝ իրենք են օգնության հասել։

«Սյունիքում մարտական հերթապահության ժամանակ, երբ հովվին առևանգել էին ու մենք հետ բերեցինք, Վաղարշակ Հարությունյանը ինքը հերքեց այդ փաստը ու ասաց, որ հովիվն ինքնակամ էր գնացել իրենց մոտ։ Հովիվը ապո՞ւշ է, հիմա՞ր էր, չէր գիտակցում, որ հակառակորդ է։ Եկել էին դաշտի մեջից՝ մեր տարածքից իրեն ուզում էին առևանգել, հետո տեսան մեր զինված խմբի արձագանքը, այդ ժամանակ թողեցին»։
Մարգարյանն ասում է՝ մեր անվտանգությունը կախված է միայն մի բանից՝ թե ովքեր կլինեն իշխանության։ Նշում է, որ չնայած կամավոր հիմունքներով Սյունիքում մարտական հերթապահություն են անում, իրենց հորդորել են դուրս գալ տարածքից։

«Ինչո՞ւ։ Երբ մենք բոլոր թերությունները ցույց տվեցինք՝ գործող կանոնավոր բանակի սպաներին և ասացինք մենք զենքերը կդնենք ու գյուղից դուրս կգանք այն ժամանակ, երբ կանոնավոր զորքը կբերեք կմտցնենք, եթե չեք կարողանում պահել մենք պատրաստ ենք մնալ։ Ինչո՞ւ մենք պետք է գնանք բացահայտենք այնտեղ շատ բաներ, թե զինվորն ինչ պայմաններում է ապրում, որովհետև ամեն ինչը հիմնված է ոչ թե գիտակցության, ոչ թե խղճի, այլ թղթի վրա, բայց թուղթը ամենասուտ բանն է։ Մարդու խիղճը պետք է թելադրի, որ թղթին սուտը չգրի։ Այս իշխանության, պաշտոնյաների հետ ես չեմ տեսնում ազգային և անվտանգությունը և ազգի ապագան»։
Մարգարյանն ասում է՝ ջանք ու եռանդ չխնայվեց պառակտելու հայրենիքը։ Հիմա ազատամարտիկների մեջ ևս նույն պառակտումը կա, ժողովրդի մեջ ևս։ Ըստ ազատամարտիկի՝ միասնությունը շատ մութ ու սև գործերի կխանգարեր։


«Պառակտման հիմքով հիմա ի՞նչը տոնենք։ Եթե երբևիցե բախտ եք ունեցել Շուշիում լինել մայիսի 8-9-ը, կտեսնեիք ինչքան տոնախմբություններ էին կատարվում պետական մակարդակով։ Հիմա պետական մակարդակով պարտություն կրածները ի՞նչը պետք է տոնեն։ Նրանք չեն կարող տոնել, ոչինչ անել։ Պառակտումը նրանից է գալիս, որ ասում են Արցախը մերը չէ, համակերպվում են դրա հետ։ Մազապուրծ եղածները, որ պատերազմի դաշտից եկել են, ասում են Նիկոլը ճիշտ էր՝ ինչն էր ճիշտ, ինչի՞ համար։ Երբ մարդիկ հավատում էին, որ մի գրչի հարվածով 30 հազար կյանք փրկեց։ էդ հեքիաթները թող ուրիշ տեղ պատմեն»։

Մարգարյանը հավելեց, որ հայրենասերները ցավը սրտում են ապրում, բայց ցավը հեռացնելու համար պետք է ազգային համախմբում, իշխանափոխություն։ Նոր ղեկավարներ, որոնք կունենան ազգայնական ռազմաքաղաքական մտածելակերպ։

«Ռազմաքաղաքական ուժեր են մեզ պետք։ Եթե մենք ունենայինք ուժեղ, ամուր ԶՈՒ՝ այս պատերազմը չէր լինի»։

Եփրեմ Մարգարյանը պատերազմի օրերին ծանր վիրավորում էր ստացել, ասում է՝ անասելի ուժով ու հավատով էին կռվում, թշնամին ևս չէր կարող երկար դիմադրել, բայց տեղի ունեցավ անարդարություն։

«Ջաբրայիլից մինչև Կուբաթլու կռիվ տված ճակատային պատասխանատուներին ՝ գեներալներին բոլորին տրվեց ազգային հերոսի կոչում. Ո՞ր սխրանքների համար, հանուն ինչի՞, որ էդքան հետ են նահանջել ու չեն պահել՝ հանուն ինչի՞։ Որն էր նրանց ազգային հերոսությունները։ Դրա համար բացի Նիկոլին մեղադրելուց չենք սահմանափակվում նաև մնացածով։ Այն մարդիկ, որ անամոթաբար կրում են ազգային հերոսի կոչումը, երբ գիտեն ինչ են արել նրանք, իրենց լավ են զգում, որովհետև դարը դրանց նմաններինն է։ Հայրենասեր մարդն այսօր թրքացածների մեջ տեղ չունի»,- եզրափակեց Մարգարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել