168.am-ը գրում է․

Իսպանիան պատրաստվում է մինչեւ մայիսի 13-ն ավարտել իր զինվորականների դուրսբերումն Աֆղանստանից: Մայիսի 7-ին այդ մասին հայտնել է El Pais թերթը։ Թերթի տվյալներով՝ ներկայումս ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանն իսպանիայի մասնակցությունը սահմանափակվում է 24 զինծառայողով եւ երկու թարգմանչով: Ինչպես նշում է հրատարակությունը, գրեթե երկու տասնամյակում Աֆղանստանում իրականացված առաքելությանը մասնակցել է ավելի քան 27 հազար իսպանացի զինվորական, թագավորությունն այդ ժամանակամիջոցում ծախսել է ավելի քան 3,5 միլիարդ եվրո:

Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պլանավորում է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն սկսել մայիսին եւ այն ավարտել 2021 թվականի սեպտեմբերի 11-ին: Նույն օրը ՆԱՏՕ-ն դաշինքի արտգործնախարարությունների ղեկավարների եւ պաշտպանության նախարարների տեսախորհրդաժողովի արդյունքներով ընդունել է հայտարարություն, որտեղ ասվել է դաշինքի զորքերի դուսբերումը մայիսի 1-ին սկսելու որոշման մասին: Աֆղանստանում գործողության առավելակետին՝ 2010 – 2013 թվականներին երկրում արեւմտյան ուժերի թվաքանակը գերազանցել է 150 հազարը: ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հիմնական մարտական ուժերն Աֆղանստանից դուրս են բերվել 2014 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել