Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Վերջին շրջանում սոցցանցերում, տարբեր լրատվական կայքերում և տելեգրամ ալիքներում տարածվում են տեղեկություններ, համաձայն որոնց՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իբր հետապնդում է քաղաքական նպատակներ, հովանավորում է տարեր ուժերի, ինչպես նաև կոչ է անում բոյկոտել ընտրությունները։

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը տարածվող լուրերի կապակցությամբ հայտարարում է, որ բոլոր այդ տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։

Նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետները, մտքերը, խոսքերը կամ ելույթները ներկայացված են բացառապես նախագահի պաշտոնական էջերում:

Բազմիցս հայտարարվել է, որ Հանրապետության նախագահն առաջնորդվում է համապետական և համազգային շահերով:

Նախագահը, իր գործառույթներն իրականացնելով բացառապես ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռված լիազորությունների շրջանակում, չի կարող զբաղվել, չի զբաղվում և նպատակ չունի զբաղվել քաղաքականությամբ, որևէ կուսակցության անդամ չէ,  չի ներկայացրել և չի ներկայացնում որևէ քաղաքական ուժ:

Հանրապետության նախագահը չի աջակցում և չի պատրաստվում աջակցել կամ սատարել որևէ քաղաքական ուժի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել