2016 թվականից սկսած դանդաղել է ծխողների կողմից սիգարետի փոխարինման տեմպը ավելի քիչ վնասակար սարքերով՝ ծխախոտի տաքացման համակարգերով ու էլեկտրոնային սիգարետով: 2020 թվականն առաջին տարին էր, որ վեյփ օգտագործողների թիվը աշխարհում անցած տարվա համեմատ նվազեց։ Եվ այդ անկումը համընկավ նվազեցված ռիսկով սարքերի վերաբերյալ մամուլում հայտնված բացասական հոդվածների քանակի աճի հետ, ինչը մեծապես սատարվում էր ԱՀԿ-ի դիրքորոշմամբ։ 

Անկասկած, ԱՀԿ-ն վերջին տարիներին վեյփինգի վերաբերյալ ձևավորել է կոշտ բացասական դիրքորոշում՝ հիմնականում Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի (FCTC) միջոցով։ Ընդհուպ հրաժարվում է ճանաչել, որ վեյփը ծխելուց ավելի քիչ վնասակար է։   

Կոնվենցիայի նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել ծխախոտի օգտագործման հետևանքներից և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքներից` ծխախոտի դեմ պայքարի համապատասխան միջոցներ մշակելով։ Այդ «համապատասխան միջոցներից» մեկն էլ վնասի նվազեցման ռազմավարությունն է, որը, ինչպես նշված է կոնվենցիայի տեքստում, ուղղված է բնակչության առողջության բարելավմանը՝ ծխախոտային արտադրատեսակների օգտագործման, ինչպես նաև բնակչության վրա ծխախոտի ծխի ազդեցության բացռման կամ նվազեցման միջոցով։ 

Մեծ Բրիտանիայում բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած Պառլամենտական խումբը՝ APPG, գնահատել է՝ արդյոք վեյփինգի վերաբերյալ ԱՀԿ-ի ներկայիս դիրքորոշումը համահունչ է կոնվենցիայի առաջնորդող սկզբունքներին, և արդյոք FCTC-ն դեռևս պիտանի է հակածխախոտային պայքարի համատեքստում, երբ տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տվել վնասի նվազեցման նոր մոտեցումներ մշակել։  

Վերջին տարիներին էլեկտրոնային սիգարետի օգտագործումը Մեծ Բրիտանիայի Հանրային առողջապարության գործակալության կողմից դիտարկվել է որպես երկրում ծխելը դադարեցնելուն օգնող գործոն և հաջողությամբ ինտեգրվել է առողջապահական քաղաքականության մեջ։ Այնուամենայնիվ, այս մոտեցումը չեն ընդունում մի շարք երկրներ, ԱՀԿ-ն և FCTC-ի քարտուղարությունը։ Այսպիսով, պառլամենտական խումբն իր ուսումնասիրության ընթացքում փորձել է հասկանալ՝ ինչու՞ և որքանո՞վ է ԱՀԿ-ն հեռվացել FCTC-ի հիմնարար նպատակներից, որի հենքում ի սկզբանե ամուր նստած էր վնասի նվազեցման սկզբունքը։ 

Պառլամենտական խումբը հիշեցրել է, որ երբ FCTC-ի շրջանակներում նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերի վերաբերյալ կարգավորումներ են մշակվում, դա պետք է համահունչ լինի կոնվենցիայի նպատակներին։ Եթե կոնվենցիայի նպատակը «ներկա և ապագա սերունդներին ծխախոտի օգտագործման ու  ծխախոտի ծխի ազդեցության առողջապահական, սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից  պաշտպանելն է», ինչպես նաև «ծխախոտի օգտագործման տարածվածությունը և ծխախոտի ծխի ազդեցությունը» շարունակաբար և էապես նվազեցնելը, ապա FCTC-ն պետք է ժամանակակից պահանջներին համապատասխանի ու արձագանքի դրանց։ Այս համատեքստում արդյո՞ք անհրաժեշտ չէ ավելի մեծ ճկունություն ցուցաբերել ու արագ արձագանքել նոր զանգացումներին, որպեսզի հնարավոր լինի խուսափել կարգավորման իրարամերժ մոտեցումներից։ 

ԱՀԿ-ի 2020 թվականի հանդիպումներին բազմիցս քննարկվել են էլեկտրոնային սիգարետն ու ծխախոտ պարունակող նոր սերնդի սարքերը։ Հիմնականում հնչեցվել են այդ սարքերն արգելելու կամ  դրանց օգտագործումը սահմանափակելու կոչեր։ Ուստի FCTC-ի Կողմերի 9-րդ համաժողովի շրջանակներում (FCTC COP) Մեծ Բրիտանիան եզակի հնարավորություն ունի ներկայացնելու ծխախոտի վնասի նվազեցման ոլորտում իր առաջադեմ, հաջողված ու գիտելիքահենք մոտեցումը։ Պառլամենտական խումբը նշել է, որ Մեծ Բրիտանիան այս ոլորտում համաշխարհային առաջաատար է ու պետք է պահի իր այդ դիրքը։ 

Ակնհայտ է, որ ԱՀԿ-ն FCTC-ի միջոցով ձգտում է նվազեցված ռիսկով արտադրատեսակներն ու վեյփերը կարգավորել նույն ձևով, ինչ այրվող սիգարետը։ Այս մոտեցումը չի համապատասխանում առկա գիտական փաստերին և Մեծ Բրիտանիայի՝ հանրային առողջապահության ոլորտում կիրառվող մոտեցմանը։ 

Պառլամենտական խմբի զեկույցում նշվում է, որ ծխախոտի օգտագործման հետ կապված մահերի և հիվանդության առաջնային պատճառը այրվող սիգարետի ծուխը ներշնչելն է։ Մեծ Բրիտանիան պետք է հաստատուն քայլերով գնա դեպի առանց ծխի հասարակություն ունենալու իր տեսլականը, բայց սա չպետք է նույնականացվի «առանց նիկոտինի» կամ «առանց ծխախոտի» գաղափարների հետ․ դա անարդյունավետ կլինի հանրային առողջության տեսանկյունից: 

«ԱՀԿ-ին անհրաժեշտ է հիմնովին փոփոխել իր մտածելակերպը՝ վերագիտակցելու FCTC կոնվենցիայի հիմնադիր սկզբունքներից մեկը՝ վնասի նվազեցումը։ Մեծ Բրիտանիան հաջողությամբ ներառել է վեյփինգն իր հանրային առողջության վնասի նվազեցման ռազմավարության մեջ: Երկիրը ծխելը դադարեցնելու առումով վնասի նվազեցման համաշխարհային առաջատարն է ու որդեգրել է ապացուցահենք մոտեցում: 

FCTC-ն պետք է արդիականացվի՝ արտացոլելու հանրային առողջության համար նվազեցված ռիսկով նիկոտինային արտադրատեսակների այն հնարավորությունները, որոնք ի հայտ են եկել կոնվենցիայի տեքստի 2003 թվականի վերջնականացումից հետո։ 

Այրվող սիգարետի պատճառած վնասը նվազեցնելու համար միջազգային կոալիցիա ստեղծելու նպատակով Մեծ Բրիտանիան կաշխատի FCTC անդամ այն երկրների հետ, ովքեր կիսում են իր գիտական ու վնասի նվազեցման վրա հիմնված մոտեցումը»։ 

Կոալիցիայի նպատակներից կլինի նաև խրախուսել այնպիսի կարգավորման մշակումը, որը կապահովի նվազեցված ռիսկով բոլոր արտադրատեսակների բարձր որակը, անվտանգությունն ու արդյունավետությունը՝ նիկոտին մատակարարելու ու գոլորշու քիմիական բաղադրության կատարելագործման տեսանկյունից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել