«Ողջունում եմ Ադրբեջանի կողմից պահվող հայ անձանց ազատ արձակումը: Կողմերին կոչ ենք անում շտապ ավարտին հասցնել պահվող անձանց և բոլոր աճյունների փոխանակումը, ինչպես պարտավորեցնում է միջազգային մարդասիրական իրավունքը: Լիովին սատարում ենք Մինսկի խմբի համանախագահներին և հորդորում կողմերին՝ հնարավորինս շուտ վերսկսել քաղաքական գործընթացը նրանց միջոցով»,- գրել է Անն Լինդեն և գրառմանը կից ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ին արված հայտարարությունը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ողջունել են Ադրբեջանի կողմից պահվող հայ անձանց` Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սերյան Թամրազյանի ազատ արձակումը և կոչ են արել երկու կողմերին ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների և աճյունների փոխանակման գործընթացը և հարգել պահվող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի ապահովման իրենց պարտավորությունները:
Միևնույն ժամանակ, համանախագահները, վկայակոչելով ապրիլի 13-ի իրենց հայտարարությանը, կողմերին հորդորել են փոխանակել բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծման համար և վերացնել Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները, այդ թվում`միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:
Համանախագահները կողմերին կոչ են արել նաև ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ երկկողմ խաղաղության համար բարենպաստ փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ՝ նշելով համանախագահների ապրիլի 13-ի հայտարարության մեջ նշված մնացած մտահոգիչ ոլորտները, որը ներառում է առաջին իսկ հնարավորության դեպքում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերսկսումը համանախագահների հովանու ներքո:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, օրերս 3 հայ գերիներ Բաքվից վերադարձվել են Երևան:
Այս առնչությամբ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»:
Նշենք՝ գերիների վերադարձի մասին ավելի վաղ հայտարարել էին ադրբեջանական լրատվամիջոցները, նշվում էր, որ նրանք գերեվարվել են պատերազմի ավարտից հետո։
Հիշեցնենք՝ Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվն ընդհանուր առմամբ հասել է 72-ի:
Հայկական կողմի տվյալների համաձայն՝ Ադրբեջանում անազատության մեջ շարունակում է մնալ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ:
Welcome release of Armenian detainees by Azerbaijan . Call on sides to urgently complete exchange of detainees and all remains, as obligated by IHL. Fully support Minsk Group Co-chairs and urge sides to resume political process through them as soon as possible. #OSCE2021SWE
— Ann Linde (@AnnLinde) May 6, 2021
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել