Armenpress.am-ը գրում է.

Զոհված զինծառայողների մարմիններ տեղափոխող մեքենայի ուղղությամբ ենթադրաբար ադրբեջանցիների կողմից քարեր նետելու և մեքենայի դիմապակին ջարդելու վերաբերյալ հրապարակումների առթիվ, Արցախի ոստիկանության կողմից կատարված դատավարական ստուգմամբ, չեն պարզվել ուրիշի գույքը վնասելու կամ ոչնչացնելու ենթադրյալ հանցավոր արարքի մասին վկայող բավարար տեղեկություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ մանրամասնելով, որ ձեռք բերված փաստական տվյալները վկայել են, որ տրանսպորտային միջոցի դիմապակին վնասվել էր քարաթափման հետևանքով, ուստի հետաքննության մարմնի կողմից որոշում է կայացվել Արցախի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (հանցադեպի բացակայություն) նախատեսված հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Ստուգմամբ պարզվել է, որ դեպքը տեղի էր ունեցել 2021թ. մարտի լույս 29-ի գիշերը, երբ ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ Հ.Հ.-ն իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով անցնում էր Շուշի-Գորիս ճանապարհի 8,5-րդ կիլոմետրը: Դեպքի վայր հանդիսացող տեղանքի զննությամբ պարզվել է, որ դրա աջակողմյան հատվածում առկա է 5-6 մետր բարձրությամբ թեքվածք, որի գագաթային մասից ձգվում է մոտ 100 մետր երկարությամբ ժայռանման տեղանք` քարաթափման պարբերական դեպքերի հետքերով, որը ուղիղ թափվում է ճանապարհի երթևեկելի մասը:

Տրանսպորտային միջոցի վարորդը գրավոր բացատրությամբ պարզաբանել էր, որ դեպքի պահին ճանապարհի երթևեկելի մասում այլ մեքենա չի եղել, մարդ չի նկատել և քանի որ մեքենայի դիմապակին վնասվել էր հենց աջ հատվածում, ինքը ևս ենթադրել է, որ դա քարաթափման հետևանք էր: Երբ Բերձոր քաղաքի մոտակայքում կանգնեցրել էր մեքենան և ստուգել դիմապակու վնասվածքի աստիճանը, հայտնաբերել է ավազի հատիկներ ու հողի մնացորդներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել