Armeniasputnik.am-ը գրում է.

Գեներալ-մայոր Սեյրան Սարոյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:

«Բուժման հիվանդանոցային էտապն ավարտել ենք շատ բարեհաջող, շատ արդյունավետ, հիմա ինքը վերականգնողական բուժումը շարունակում է տանը։ Ակնկալում ենք, որ մոտ ապագայում պարոն Սարոյանը լիովին կվերադառնա իր նորմալ կյանքին»,- ասաց նա։

Սարոյանի որդին` Զարզանդ Սարոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա հորն այլ երկիր տեղափոխելու անհրաժեշտություն չի լինի։

«Հայրիկս հիմա տանն է, բժիշկներն ամեն օր գալիս են, վիրակապը փոխում են տան պայմաններում, գնում են»,- նշեց գեներալի որդին։

Հիշեցնենք`«Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ գեներալ Սեյրան Սարոյանը տևական ժամանակ է՝ գամված է հաշմանդամի սայլակին։ Նա ամիսներ առաջ Գերմանիայում բուժվելուց հետո վերադարձել է Հայաստան, սակայն կարճ ժամանակ անց նորից առողջական վիճակը վատացել է։

Ըստ աղբյուրի`ծնկի շրջանում թարախային գանգրենա է զարգանում։ Բժիշկներն առաջարկում են ոտքի ամբողջական անդամահատություն իրականացնել, սակայն Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը որոշել է չդիմել այդ քայլին և բարդ վիրահատությամբ կանխել հիվանդության զարգացումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել