Հայկական կողմի նախաձեռնությամբ մայիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի և Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ղրղզստանի գործընկերոջ հետ զրույցում ընդգծել է կենտրոնասիական տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի կարևորությունը: «Հույս հայտնվեց, որ ձեռնարկվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ապագայում կանխել սահմանային բախումները։ Արա Այվազյանը ցավակցություն հայտնեց սահմանային միջադեպի ժամանակ արձանագրված մարդկային զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթեց վիրավորներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի, որոնք արծարծվել էին ԱՊՀ նախարարական նիստի շրջանակներում ապրիլի 2-ին կայացած հանդիպման ժամանակ:

Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ հեռախոսզրույցում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է կենտրոնասիական տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի կարևորությունը: Արա Այվազյանը Տաջիկստանի գործընկերոջ հետ զրույցում ևս հույս է  հայտնել, որ ձեռնարկվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ապագայում կանխել սահմանային բախումները, ցավակցություն է հայտնել սահմանային միջադեպի ժամանակ արձանագրված մարդկային զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրույցի ընթացքում ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ու Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինը նաև քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության շրջանակներում առաջիկա միջոցառումների շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել