«Նիկոլ Փաշինյանը երեկ եկել էր խորհրդարան, որ իրեն չընտրեին վարչապետ։ Ու քանի որ ինքն էլ գիտեր, որ ինքը ֆեյք-թեկնածու է՝ առաջադրված «Իմ քայլի» կողմից, դահլիճում ներկա պատգամավորներն էլ գիտեին, Փաշինյանը որոշեց առիթն օգտագործել և ոչ թե հրաժարական ներկայացնել, այլ հակադարձել Սերժ Սարգսյանին, որն օրերս ծավալուն հարցազրույց էր տվել։ 

Եթե Սերժ Սարգսյանը նրան կապիտուլյանտ է անվանում, ապա նա էլ Սարգսյանին «մերժված» է անվանում և մեղադրում բանակցային գործընթացը տապալելու մեջ։ Իր «հանճարեղ» մտքերն արտահայտելուն օգնում էին անկախ պատգամավորները՝ նախ Տիգրան Ուրիխանյանը հարց տվեց, ապա ԲՀԿ-ից հեռացած մեկ այլ պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանը հարցրեց, թե արդյոք ճիշտ չէ՞ր լինի, որ իրենք գնային ոչ թե երկու անգամ վարչապետ չընտրվելով արտահերթ ընտրությունների ճանապարհով, այլ ինքնալուծարման գնային՝ դրա համար համապատասխան օրենք ընդունելով։ Եվ 3 տարի Սերժ Սարգսյանի համար «կարված կոստյումի» մեջ շատ լավ տեղավորված Փաշինյանն ասաց․ «Գիտե՞ք, փորձը ցույց տվեց, որ, ընդհանրապես, անձնավորված սահմանադրական փոփոխություններն իրանք լավ բան չեն։ Եվ ես նախկինում էլ ասել եմ, որ էդ առաջարկը եղել է, որ մենք 2018 թվականին Սահմանադրությունը փոխենք, բայց ես՝ ինքս, էդ օրակարգին չեմ համաձայնել մի պարզ պատճառով, որովհետև հասկացել եմ, որ դա հենց միանգամից մեկնաբանվելու է որպես հերթական անձնավորված սահմանադրական փոփոխություններ»։ Ապա նորից հին «երգը երգեց»՝ նախկիններին մեղադրելով Հայաստանում կայացած բոլոր ինստիտուտները քանդելու, արժեզրկելու, թալանելու, դղյակներ կառուցելու մեջ․ «Էսօրվա մեր պրոբլեմներն ինչի՞ հետ են կապված, որ 30 տարի հետո պարզվեց, որ մեր երկրում ոչ մի կայացած ինստիտուտ չկա, ոչ մի։ Եվ դա մեր մեծագույն պրոբլեմն ա։ Եվ էդ ա պատասխանը՝ ինչու էսպես եղավ։ Երկրում միայն մի կայացած ինստիտուտ կար, մենք էլ եկանք էդ ինստիտուտը քարուքանդ արեցինք։ Էդ ինստիտուտը կոռուպցիան էր»։ Բայց երեք տարին ահռելի ժամկետ է՝ միայն քարուքանդով զբաղվելու համար, երեք տարում աշխարհում տնտեսական հրաշք են ապահովում, թռիչքաձև բարեփոխումներ իրականացնում։

Հետո պատգամավորները հերթագրվեցին ելույթների։ ԲՀԿ-ն բացակայում էր դահլիճից։ Ամբիոնը գրավել էին անկախները։ Ամենատհաճ ելույթը Բաբաջանյան Արմանինն էր, որը հիշեց նախկիններին՝ շարունակելով վարչապետի հնչեցրած ստերի շարքը և անգամ գերազանցելով նրան։ Իսկ ամենադրամատիկն «Իմ քայլից» անկախացած Թագուհի Թովմասյանի և Նիկոլ Փաշինյանի երկխոսությունն էր։

Թագուհին հետաքրքրվեց, թե ինչ պատվաստանյութով է պատվաստվել Նիկոլ Փաշինյանը։ Ապա հարց ուղղեց մեր սահմանների անվտանգության վերաբերյալ։ «Պատերազմից մոտ կես տարի է անցել, բայց գոնե մեր մարզում՝ Գեղարքունիքում, ինչպես նաև Սյունիքում, մենք չունենք կահավորված առաջնագիծ, չունենք խրամատներ, և մեր անվտանգությունը, ըստ էության, գտնվում է  մտահոգիչ վիճակում։ Եվ որպես Գեղարքունիքի մարզի բնակիչ և ներկայացուցիչ՝ ես ուզում եմ հասկանալ, թե ինչ խոչընդոտներ ունենք, ինչ է ապասվում մեզ մինչև սահմանային վերջնական ճշգրտումները, ինչու չունենք կահավորված առաջնագիծ»։ Փաշինյանն ուղղակի հարձակվեց իր երբեմնի թիմակցի վրա։ Նախ ակնարկեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ասածները՝ Թագուհուն էլ բացահայտ մեղադրելով թշնամուն ինֆորմացիա հաղորդելու և հարձակման հրավիրելու, ասել է թե՝ դավաճանության մեջ։ 

«Գիտե՞ք, ես երբ որ մեր հանրային դիսկուրսը լսում եմ, հասկանում եմ, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի։ Մեկը կար, չէ՞, պատերազմից առաջ ասում էր՝ ես լինեմ Ալիևի տեղը, այ, հիմա կհարձակվեմ։ Հիմա մենք ճշգրտում ենք ուղղությունները։ Ես խնդրում եմ, հաջորդ անգամ միանգամից կոորդինատներով, քարտեզներով հրապարակեք, ասեք, օրինակ, կոորդինատ էսինչից էսինչը մենք չունենք խրամատներ, էստեղ մի քիչ ուժեղ ենք, էստեղով չարժի հարձակվել, բայց, այ, էս կողքը փոքր միջանցք կա, կարելի ա էստեղից մտնել․․․ ժողովուրդ, մենք հասկանո՞ւմ ենք՝ ինչ ենք անում ընդհանրապես»,- դեմագոգիա արեց մի մարդ, որը բազմիցս իր ելույթներում անթույլատրելի, ռազմավարական գաղտնի տվյալներ է հրապարակել։ Թագուհի Թովմասյանը տարակուսեց՝ իր ասածի մեջ որևէ գաղտնիք չի բացահայտել, քանզի Ադրբեջանն ամեն ինչ շատ պարզ տեսնում է՝ իրենց աչքի առաջ է մեր առաջնագիծը։ 

Մինչ քվեարկությունը, որից առաջ Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի Փաշինյանի թեկնածությանը, որպեսզի նա չընտրվի, և գնան արտահերթ ընտրությունների, Փաշինյանը նաև եզրափակիչ ելույթ ունեցավ։ Այստեղ նա կրկին «փայլեց» ամբարտավանությամբ՝ պատերազմում իր կրած պարտության մեղքը բարդելով նախկինների վրա և մի բան էլ հերոսանալով, թե իր որդին առաջնագծում է եղել, և պատերազմին մասնակցել է նաև իր ընտանիքը, ու անգամ որդու կողքի ծառայողն է զոհվել․ «Իմ որդին եղել է այն առաջնագծում, որտեղ մենք տվել ենք ամենամեծ թվով զոհերը»։ Նշենք, որ պատերազմից հետո մամուլում, նաև տարբեր անձանց կողմից տարածվեցին տեղեկություններ այն մասին, որ Փաշինյանի որդուն կրակի տակից ազատելու համար բազմաթիվ զոհեր ենք տվել, և որ նրան անգամ առաջնագծում զինվորական հագուստով, շարքային զինվորի անվան տակ թիկնապահներ էին ուղեկցում, որ ապահովեն նրա անվտանգությունը: 

Վարչապետի պաշտոնակատարը նաև բացահայտ սպառնաց, որ Հայաստանում իշխանություն չի փոխվելու՝ ինքն իշխանություն զիջելու մտադրություն չունի, իհարկե՝ դա նա անվանում է ժողովրդի իշխանություն, որը հերթական դեմագոգիան է ու մանիպուլյացիան։ «Իրենց թվում է, թե власть меняется: Իրենք սխալվում են, որովհետև Հայաստանում իշխանությունը չի կարող փոխվել, որովհետև իշխանությունը 2018-ից պատկանում է ժողովրդին։ Այսինքն՝ ինչ, ժողովուրդն իշխանություն չի՞ ունենալու Հայաստանում։ Բացառված ա, հանկարծ մտքներովդ էլ չանցնի»,- սպառնաց նա։

Քվեարկությանը, ինչպես նաև նիստի ամբողջ ընթացքին չէր մասնակցում ԲՀԿ-ն։ «Լուսավոր Հայաստանն» էլ գրեթե ամբողջ ընթացքում լուռ էր։ Ի դեպ, Փաշինյանը նաև նիստի սկզբում էր սպառնացել, որ եթե հանկարծ որևէ մեկը որոշի թեկնածու առաջադրել, «Իմ քայլը» կընտրի վարչապետ և թեման կփակի, այսինքն՝ արտահերթ ընտրությունների չեն գնա։ Քվեարկության 1 կողմ, 3 դեմ, 73 ձեռնպահ արդյունքներով Փաշինյանն առաջին փուլով չընտրվեց վարչապետ։ Մեկ շաբաթ անց այս նույն թատերական ներկայացումը՝ ֆեյք թեկնածուի «չընտրությամբ», կկրկնվի, որից հետո այս խորհրդարանը կլուծարվի, և պաշտոնապես կհայտարարվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել