Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ մայիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:   Ժամը 19:20-ի սահմաններում, «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան, Եղեգնաձոր քաղաքից դեպի Վերնաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում, Սպիտակավոր եկեղեցու ճանապարհին՝ «Բանա» կոչվող հանդամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ձորում:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, դուրս են բերվել ձորի տարբեր հատվածներից և տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:   Օպերատիվ են գործել նաև նշված բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:   Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

  Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ:   Մինչ վթարի վայրում փորձում էր զննություն կատարել ՃՈ 2-րդ գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավոր կանանցից մեկը մահացել է, ինչից հետո վթարի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչները:

  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորների ինքնությունը:   Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել