Armenpress.am-ը գրում է.

«Դեղին բաճկոնավորներ» շարժման կողմնակիցները Փարիզում մասնակցում են մայիսմեկյան բողոքի ակցիայի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մայիսի մեկին ոչ միայն Փարիզում, այլև ամբողջ Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք համավարակի պատճառով 2020-ին չէին կայացել:

Ցուցարարները հավաքվել են Փարիզի Մարշալ Ժուանի հրապարակում: Բողոքի ակցիան անցկացվում է ոստիկանության վերահսկողությամբ, և ցուցարարները պատրաստվում են  հավաքվել Հանրապետության հրապարակում, որտեղ մեկնարկելու է գլխավոր ցույցը:

Ըստ Աշխատանքի համընդհանուր համադաշնության տվյալների՝ Ֆրանսիայում գրեթե 300 բողոքի ակցիա է նախատեսվում: Ֆրանսիայի իշխանությունների գնահատմամբ՝  ամբողջ երկրում ցույցերին մասնակցելու է մոտավորապես 100 հազար մարդ:

2018 թվականի նոյեմբերի 17-ից «Դեղին բաճկոնավերները» Ֆրանսիայում բողոքի ակցիաներ էին կազմակերպում գրեթե ամեն շաբաթ: Սկզբում ցույցերն անցկացվում էին վառելիքի գնաճի դեմ պայքարելու նպատակով, իսկ հետո պահանջների ցանկն ընդլայնվել է: Ավանդական դարձած բողոքի ակցիաներն ուղեկցվում են անկարգություններով, ցուցարարների և ոստիկանության միջև բախումներով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել