Armeniasputnik.am-ը գրում է.

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նամակին։ Նա Twitter-ի իր էջում գրառում է արել` շնորհակալություն հայտնելով Արմեն Սարգսյանին, որ միշտ ժամանակ է գտել Հայաստանի մասին իրեն պատմելու համար։

Արխիվային լուսանկար. 8 հոկտեմբերի, 2019
Արմեն Սարգսյանը երեկ շնորհակալական նամակներ էր հղել ամերիկահայ անվանի բժիշկ, Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանին, Քիմ Քարդաշյանին և հայտնի երգչուհի Շերելին Սարգսյանին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նրանց ներդրած ավանդի համար:

«Շնորհակալություն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և բոլոր հայկական խմբերին, ինչպես նաև յուրաքանչյուր հայի, որը կռիվ էր տալիս ճանաչման հասնելու համար։ Երջանիկ եմ, որ կարողացա նպաստել այդ հարցում իրազեկման բարձրացմանը և շարունակելու եմ աջակցել այս գեղեցիկ երկրին»,–գրել է Քարդաշյանը։

Հիշեցնենք` ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց «ցեղասպանություն»: Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իր հերթին հայտարարեց, որ խորապես վշտացած է իր ամերիկյան գործընկերոջ հայտարարությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել