Pastinfo.am-ը գրում է.

Գաղտնիք չէ՝ կառավարող ուժի առնվազն մի քանի պատգամավորներ տարաձայնություններ ունեն մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Կցանկանայի, որ անդրադառնայինք այդ տարաձայնություններին։ Այս մասին ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլ»-ի պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ դիմելով ՄԻՊ Արման Թաթոյանին։

«Նախորդ տարի դեկտեմբերին բոլորիս համար ակնհայտ էր, որ հանրությունը մեդիատեռորի է ենթարկվում։ Միևնույն ժամանակ դեկտեմբերի կեսերից սկսեցիք խոսել այն մասին, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ են տարվում։ Տպավորություն էր, որ դուք փաստում եք՝ դրանք կատարվում են։

Հետագայում ձեր գրառումներում հստակ ֆիքսեցի, որ անցում եք կատարում սահմանների որոշման գործընթաց տերմինին, այլևս սահմանազատումներ ու սահմանագծումներ չեք օգտագործում։ Իհարկե կցանկանայինք առհասարակ պատերազմ չունենալ, հակառակորդ երկիր չունենալ և հանգիստ ապրել մեր հարևանների հետ, բայց քանի որ հնարավոր չէ այս պայմաններում հանձնաժողով կազմել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել, անում ենք մինիմալ այն հնարավորը, որն այս հարևանության պարագայում հնարավոր է անել։ Ուզում եմ հասկանալ, ո՞նց եք գնահատում ձեր հայտարարությունները։ Հնարավոր չէ՞ր կապ հաստատել ԱԳՆ-ի կամ որևէ այլ պաշտոնյայի հետ, պարզել, որ նման գործընթաց չկա և այդ հավելյալ տագնապի ազդակները, որ տեղի է ունենում ինչ-որ իրավական վերջնական գործընթաց, որն այլևս հնարավոր չի լինելու վերանայել»,-նշեց պատգամավորը։

Արման Թաթոյանը հորդորեց տարաձայնությունները և մեդիատեռորն այլևս որևէ դեպքում մարդու իրավունքների պաշտպանի հետ չկապել, քանի որ վերջինք ապաքաղաքական պաշտոնատար անձ է. «Ինչ-որ տարաձայնություններից եք խոսում, բայց ես նման կատեգորիաներով չեմ առաջնորդվում։ Հիմա դուք տարաձայնություն տեսնում եք, թե ոչ, դա ձեր ընկալումն է և չի կարող կանգնեցնել իմ աշխատանքը չկատարեմ։ ՄԻՊ-ի դերը նաև հենց դրանում է, որ եթե անգամ կան տարաձայնություններ, պետք է գնալ առաջ թե՛ հրապարակային հայտարարություններով, թե՛ գործնական աշխատանքով։ Ինչ վերաբերում է սահմանազատմանը և սահմանագծմանը, որևէ անգամ իմ դիրքորոշումը չի կարող նշանակել փաստել, որ ընթանում է սահմանազատում և սահմանագծում, դա չի կարող այդպես մեկնաբանվել։ Ինչ վերաբերում է GPS-ին, ճիշտ եմ ասել, մինչև հիմա էլ ի՞նչ են անում։ Գնացել ե՞ք սահմաններ, տեսել ե՞ք՝ ինչ են անում։ »,-ասաց մարդու իրավունքների պաշտպանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել