Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կազանում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունն արդյունավետ է գնահատում։

«Ցանկանում եմ հատկապես նշել Ռուսաստանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում։ Եվ ուզում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունն արդյունավետ եմ գնահատում, դա արդեն մեզ համար ակնհայտ է», - ասել է Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։

Նա հիշեցրել է, որ ընթանում է եռակողմ հանձնաժողովի աշխատանքը, որը գլխավորում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները:

«Բայց ուզում եմ նշել, որ, ցավոք, Ադրբեջանը մինչ օրս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր կետը, որը վերաբերում է ռազմագերիներին, պատանդներին և այլ պահված անձանց վերադարձին», - ասել է Փաշինյանը։

Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին այն ջանքերի համար, որոնք գործադրվում են այդ հարցը լուծելու համար։

Հիշեցնենք` Փաշինյանն աշխատանքային այցով Կազան է մեկնել այսօր` ապրիլի 29-ին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել