Hraparak.am-ը գրում է.

Իմքայլական պատգամավոր, նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կարծում է, որ Փաշինյանը պետք է շարունակի «պաշտոնավարությունը»։ 

«Անընդհատության սկզբունքն ասում է՝ սահմանադրական ցանկացած մարմին պիտի պահպանի իր լիազորությունը, մինչեւ նորը նշանակվելը։ Չի կարող լինել մի իրավիճակ Հայաստանի Հանրապետությունում, որ չլինի վարչապետ, ԱԺ կամ կառավարության որեւէ անդամ»։

- Իսկ 2018-ին ինչպե՞ս եղավ, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետի լիազորությունները ստանձնեց  փոխվարչապետը։

- Դա հնարավոր կլինի, եթե ընդունենք, պայմանական այս վիճակում վարչապետի պաշտոնակատարը դուրս գա պաշտոնից եւ թողնի ժամանակավոր՝ որպես պաշտոնակատար, փոխվարչապետին։

- Իսկ հիմա ի՞նչ է տեղի ունեցել, դուրս չի՞ եկել պաշտոնից։

- Մենք խոսում ենք կա՛մ իրավունքի մասին, կա՛մ մարդու կամարտահայտության մասին։

- Բայց Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, վարչապետի լիազորությունները ստանձնեց Կարեն Կարապետյանը, հիմա Փաշինյանը հրաժարական է տվել, բայց շարունակում է մնալ վարչապետ, տրամաբանությունը ո՞րն է։

- Տրամաբանությունն այն է, որ հրաժարական տալուց հետո կառավարության անդամները պահպանում են իրենց պաշտոնը, մինչեւ նորի նշանակումը։ Դա բխում է անընդհատության սկզբունքից։ Բայց դա չի նշանակում, որ կառավարության ցանկացած անդամ կարող է դիմում ներկայացնել, արձակուրդ գնալ, եւ իր փոխարեն մնա այլ անձ։

- Բայց Փաշինյանը 2018-ին ասում էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարականից հետո չի կարող մնալ վարչապետի պաշտոնում, հակասում է ինքն իրեն։

- Ինքն իրեն չի հակասում, ես՝ որպես իրավաբան, ասում եմ՝ Սերժ Սարգսյանը հրաժարականից հետո իրավունք չուներ մնալ որպես վարչապետ։ Բայց խոսքը չի վերաբերում, որ Սահմանադրությունն էր դա արգելում։

- Այսինքն, դուք ինչպես ուզեք՝ կմեկնաբանեք Սահմանադրությունը, նախկինները չեն կարող։

- Չէ, կներեք, Դուք խեղաթյուրում եք իմ ասած բառերը։ Ես ասում եմ՝ Սահմանադրության համաձայն ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ կառավարության անդամները իրավունք ունեն պաշտոնավարելու, մինչեւ նոր կառավարության անդամներ նշանակելը։ Ինչ մնում է բարոյական իրավունքին, ես պնդում եմ, որ Սերժ Սարգսյանն իրավունք չուներ մնալու վարչապետ։

- Հիմա բարոյական իրավունքի՞ց ենք խոսում, թե՞ սահմանադրական իրավունքից։

- Ես՝ անձամբ, խոսում եմ բարոյական իրավունքից, երբ խոսում եմ Սերժ Սարգսյանի մասին, իսկ երբ որ խոսում եմ պաշտոնի, ինստիտուտի մասին, խոսում եմ սահմանադրական իրավունքից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել