Armenpress.am-ը գրում է.

Հանրապետությունում պատվաստումների գործընթացը շարունակվում է, ներկայում կատարվել է 2 641 դեղաչափ պատվաստում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ բոլոր պատվաստվածների շրջանում առողջական որևէ լուրջ խնդիր չի գրանցվել:

«Միայն սպասվող ռեակցիաներն են, այն, ինչի մասին մենք սովորաբար ասում ենք՝ ջերմության թեթև բարձրացում, ընդհանուր թուլություն, գրիպանման նշաններ, որոնք կարճ ժամանակում անցնում են: Պատվաստման գործընթացը շարունակվում է, ասեմ, որ օրական կտրվածքով պատվաստումների աճ ենք գրանցում` յուրաքանչյուր օր 4-5 տոկոսով: Երկիր ներմուծվել է 24 հազար դեղաչափ «AstraZeneca» պատվաստանյութ: Երկու խմբաքանակով ներկրվել է «Սպուտնիկ V», առաջիկայում սպասում ենք չինական «Սինովակ» արտադրության պատվաստանյութը: Հետագայում այլ պատվաստանյութեր նույնպես կլինեն»,-ասաց Գայանե Սահակյանը: Նրա խոսքով` 1.1 մլրդ դեղաչափ պատվաստում է արվել  աշխարհի ավելի քան 170 երկրում: Մոտ 200 մլն դեղաչափ պատվաստումը կատարվել է «AstraZeneca»-ով:

Գայանե Սահակյանը նաև տեղեկացրեց, որ հանրապետությունում կատարվել է պատվաստումների կարգի փոփոխություն: Եթե նախկինում պոլիկլինիկաներն աշխատում էին 5 աշխատանքային օր, ապա հիմա կաշխատեն նաև շաբաթ, կիրակի օրերին, առավոտյան ժամը 10:00-ից մինչև 16:00-ն: Մյուս փոփոխության համաձայն, 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները և՛ ռիսկի խմբերում գտնվող, և՛ դրանցից դուրս, կարող են դիմել «AstraZeneca»-ով պատվաստման:

«Սպուտնիկ V» պատվաստանյութի հետ կապված քաղաքականությունը դեռ չի փոխվել, կպատվաստվեն մինչև 54 տարեկան խոցելի խմբերը: Հաջորդ փոփոխությունը վերաբերում է պոլիկլինիկաների կցագրումներին: Այսինքն՝ այն քաղաքացիները, որոնք ուզում են պատվաստվել, պարտադիր չէ, որ դիմեն այն պոլիկլինիկան, որտեղ կցագրված են: Ցանկացած պոլիկլինիկա կարող են դիմել, միայն թե նախապես գրանցվեն: Մյուս փոփոխության համաձայն, կարող են պատվաստվել նաև օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք ժամանակավոր են երկրում և կացության թույլտվություն ունեն:

Հարցին, թե արդյոք պատվաստվելուց առաջ որևէ հետազոտություն անելու անհրաժեշտություն կա՞, Գայանե Սահակյանը նշեց, որ դրա կարիքը չկա:

«Ոչ արյան հետազոտության, ոչ տրոմբոցիտների քանակը որոշելու կարիք չկա: Նույնիսկ կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնելու, հակամարմիններ ստուգելու անհրաժեշտություն չկա»,- ասաց  Գայանե Սահակյանն՝ ընդգծելով, որ գերագույն նպատակը հնարավորինս մահերը կանխելը, առողջապահական բեռը թեթևացնելն է: Նրա խոսքով՝ առայժմ հստակ ժամկետներ չկան, թե պատվաստվելը որքան ժամանակի համար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել