Pastinfo.am-ը գրում է.

Ադրբեջանցիներն Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի հարակից իրենց դիրքից վերջին երկու օրերին երկու անգամ փորձել են մինչեւ 400 մետր առաջանալ ու հետ են մղվել։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:

«Այո, կրկին առաջ են եկել, հետ ենք տվել, նորից են առաջացել հիմա էլի հետ են գնում»,–ասաց Բախշիյանը։

Վարչակազմի ղեկավարի փոխանցմամբ՝ առաջանալու առաջին դեպքը գրանցվել է ապրիլի 25-ին. ադրբեջանցիները առաջացել էին 370-400 մետր, եղել են զինված ու շարժվել վարելահողերի ուղղությամբ։ Բանակցությունների արդյունքում՝ ապրիլի 27–ի առավոտյան, նրանք իրենց դիրքերը նույնչափ հետ էին տվել:

Երկրորդ փորձը գրանցվել է այսօր։

Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի փոխանցմամբ՝ ռուս խաղաղապահ ուժերի միջնորդությամբ և համագործակցության արդյունքում ադրբեջանական ուժերին հետ են ուղարկել։ Տարածքներ կան, որոնք խաղաղապահների դիտարկման ներքո չեն գտնվում, ուստի երբեմն ՊԲ-ն և վարչակազմի ղեկավարներն են զեկուցում խաղաղապահներին՝ թշնամու տեղաշարժի մասին։

«Տեղ կա իրենք չեն տեսնում մենք ենք իրենց տեղյակ պահում, դա համագործակցության արդյունքում է լինում։ Հետո բանակցություններ են վարել և հետ են գնում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել