Ֆրանսիական հեղինակավոր Le Monde օրաթերթը երեկ երեկոյան «Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը վտանգված է» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ պատմել է Մեխակավանի եկեղեցու և Շուշիի Կանաչ ժամի ոչնչացման մասին:

Ադրբեջանի պետական ծառայության պետ Ազադ Ջաֆարլին թերթին հայտնել է, թե Կանաչ ժամը հորինվածք է. իրենք չգիտեն, որ նման եկեղեցի գոյություն ունի, իսկ Ջաբրայիլի եկեղեցու համար «հավաստիացրել է», թե այդ եկեղեցին քաղաքացիական անձանց համար չէր, միայն զինվորներն էին ելումուտ անում, և դա ծառայում էր իրենց վրա «հարձակում» գործելու նպատակով:

Le Monde–ը մեջբերել է քաղաքագետ Սիմոն Մաղաքյանի խոսքն ու դա ենթավերնագիր դրել. «Հայկական հուշարձանները ոչնչացնելը նպատակ ունի ապագայում երաշխավորել, որ այդ հողերում հայկական ներկայություն չկա»:

Օրաթերթը խոսել է նաև Ալիևի՝ Հադրութի՝ 12-րդ դար թվագրվող Ծակուրի եկեղեցի կատարած այցի մասին, որտեղ ասել է, թե պիտի հեռացնեն հայկական փորագրությունները, քանի որ դա ալբանական եկեղեցի է: Օրաթերթն ընդգծել է, որ այս հայտարարությամբ առաջին անգամ պետական բարձր մակարդակով Ադրբեջանն ակնհայտ ցույց տվեց հայկական մշակութային արժեքների ոչնչացման հարցում իր ներգրավվածությունը:

Le Monde դիվանագիտական աղբյուրներից մեկն էլ տեղեկացրել է, որ Ադրբեջանի լոբբին շատ հզոր է, օրինակ բերել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի մեկնաբանել Ադրբեջանի այդ հայտարարությունները, ավելին՝ լռել է, երբ ամիսներ առաջ քանդել են հայկական 2 եկեղեցիները:

Թերթ գրել է նաև քաղաքագետ Սիմոն Մաղաքյանի փոխանցած տեղեկությունը, որ Բաքուն մեծ ներդրումներ է անում, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն չքննադատի իր կատարած վայրագությունները. 2013-ին 5 մլն դոլար է նվիրաբերել կառույցին, որից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի տանիքի տակ տեղի է ունեցել «Ադրբեջան, հանդուրժողականության հող» խորագրով ցուցահանդես, որը նախաձեռնել է «Հեյդար Ալիև» հիմնադրամը:

Ֆրանսիական պարբերականը նաև հիշեցրել է, որ Արցախի առաջին պատերազմից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ն ցանկություն էր հայտնել այցելել ԼՂ, բայց 30 տարվա ընթացքում այդ կառույցից այդպես էլ ոչ մի ներկայացուցիչ այդտեղ ոտք չի դրել:

Le Monde-ը տեղեկացրել է, որ Կորնելի համալսարանից մինչև Նյու-Յորքի համալսարանի 4 հնագետ «Caucasus Heritage Watch» ծրագրով ապրիլի 8-ից Արցախի տարածքն արբանյակով ուսումնասիրելու նախաձեռնության աշխատանքներն են սկսել: Ծրագիրը թույլ կտա ուսումնասիրել մոտ 300-400 պատմամշակութային կոթող: Բացահայտումները շուտով հանրության դատին կներկայացնեն, ինչն էլ իր հերթին թույլ կտա ձեռքի տակ ունենալ ապացույցներ ոչնչացված մշակութային արժեքներ հայտնաբերելու դեպքում, թերթին փոխանցել է աշխատախմբի ղեկավար Լոռի Խաչադուրյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել